«Նոր արժեք ստեղծելու, որոնելու համար է նկարահանվել ֆիլմս: Այն ծնվել է ներկա Իրանի քաղաքական-հասարական մթնոլորտում: Ամեն ոք իր մեջ Փարվիզ ունի: Մեր ֆիլմն ունի իրանական ձայն, բայց առնչվում է ընդհանուր մարդկային խնդիրներով: Այն մարդկանց մասին է, ովքեր անտեսվում են եւ հասարակության կողմից չեն ընդունվում, անտեսված մարդու հայացքից եմ պատմել, նրանք ամբողջ աշխարհում կան»,- այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային խաղարկային մրցույթ անվանակարգում ներկայացրած իր «Փարվիզ» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Մաջիդ Բարզեգարը:
Ռեժիսորի խոսքով, իրանական կինոն երկար անցյալ ունի: Անկախ քաղաքական իրադարձություններից, երիտասարդ ռեժիսորներն աշխատում են, ֆիլմեր նկարահանում:
50-ամյա Փարվիզը դեռեւս ապրում է հոր հետ, եւ երկու տղամարդիկ այնքան էլ լեզու չեն գտնում: Այդ իրավիճակը հասնում է բարձրակետին, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ: Փարիզն ուրիշ ելք չունի, քանի իր տեղը զիջել խորթ մորը եւ հեռանալ տնից: Իսկ նրա համար դժվար է ապրել նոր՝ միայնակ կյանքով, հարեւաններից եւ իր ճանաչած մարդկանցից հեռու: Ուստի նա գտնում է իր հանդեպ գործած անարդարության դեմ պայքարելու յուրօրինակ ուղի:
«Հերոին» ֆիլմի ռեժիսոր Ռենե Հաուվենի խոսքով, իր ֆիլմն հիմնված է իրական պատմության վրա: Նկարահանել է նման ֆիլմ, քանզի 30 տարի առաջ իր եղբայրը հերոինը չարաշահելու պատճառով մահացել է: Ռեժիսորի եղբայրը ինքն է որոշել այդ կերպ հեռանալ կյանքից. «Եղբորս կյանքի մեկ օրվա մասին եմ նկարահանել, շատ էի ուզում իմ ֆիլմի գլխավոր դերակատարի հետ աշխատել, նա իրական կյանքում ինչպես եղբայրս, խնդիրներ ուներ թմրադեղերի հետ, իսկ մյուս հերոսները սովորական մարդիկ են, դերասաններ չեն»:
Կարդացեք նաև
Գլխավոր դերակատար Յոսն արթնանում է անօթեւանների կացարանում՝ գիշերելու իր մշտական վայրում: Նա մտքին դնում է հենց այդ օրվանից դադարել օգտագործել հերոին, կոկաին, խմիչք կամ այլ թմրանյութեր, այլեւս երբեք: Յորսը իրոք ուզում է փոխվել, նա բոլոր վատ սովորությունները կթողնի, բայց արդյոք դա այդ օրն է, միգուցե վաղը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ