Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք գործ ունենք ժուլիկների հետ». Լեւոն Զուրաբյանը` Տիգրան Սարգսյանի «օֆշորային»սկանդալի մասին (տեսանյութ)

Հուլիս 13,2013 11:14

«Ինձ Կիպրոսի դատախազության հավաստիացումները պետք չէին, որ իմանայի` նման բան հնարավոր չէ»,-Aravot.am-ի հարցին հավատո՞ւմ է արդյոք Կիպրոսի դատախազի այն հավաստիացումներին, թե առանց անձի գիտության հնարավոր չէ օֆշորում հաշիվ բացել` հաշվի առնելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն վստահեցումները, թե առանց իր գիտության են իր անունով օֆշորում հաշիվ բացել, այսպես պատասխանեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Շարունակելով թեման նա ասաց. «Եթե նման բան հնարավոր չլիներ, դա կբերեր մի իրավիճակի, որ բազմաթիվ սադրանքներ  կգործադրեին հակառակորդների նկատմամբ, եւ բիզնես աշխարհում մեծագույն վտանգներ կսպառնային այն ազնիվ բիզնեսմեններին, որ լուրջ նախագծերի մեջ են: Մի մոռացեք, որ Կիպրոսն արդեն Եվրամիության մաս է կազմում եւ այն հստակ օրենքներ ունի»:

Պարոն Զուրաբյանը Տիգրան Սարգսյանին համեմատեց «ստախոս գողի» հետ ու մանրամասնեց. «Տիգրան Սարգսյանը ստախոս գողի կերպարով հարցաքննության ժամանակ րոպեն մեկ փոխել է իր դիրքորոշումը: Սկզբից ասաց, որ փաստը կեղծ է, հետո ընդունեց, որ կեղծ չէ, բայց անհայտ մարդիկ են իրագործել այն իր դեմ: Հիմա ասելու է, որ իր լիազորությունները կեղծվել են: Ամեն անգամ փաստերի ճնշման ներքո նոր վարկած է հայտնվելու, եւ կներեք` հենց վարկածների այդ փոփոխությունը ապացույց է, որ մենք գործ ունենք ժուլիկների հետ»:

Հետաքրքրեցինք`այն, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ու հոգեւորականների անունները կապվում են նմանատիպ սկանդալի հետ չի՞ վնասում երկրի վարկը, պարոն  Զուրաբյանը պատասխանեց. «Ոնց կարող է մի եկեղեցի հավաքել իր հոտը, հավատացյալների համար առաջնորդող ուժ լինել, եթե բարձրագույն հոգեւորականներից մեկը զբաղված է պարզ նյութական արժեքների հետեւից ընկած լինելով, եթե այդ մարդը զբաղված է օֆշորային բիզնեսներով, ադամանդագործությամբ, «Բենթլի» է քշում: Այդ մարդիկ ո՞նց կարող են օրինակ ծառայել իսկական հոգեւորականության, ժուժկալության, ճգնավորության: Բնականաբար, ՀՀ-ի իմիջը այս բաների պատճառով տուժում է: Ու եթե ինչ-որ մեկը Ադրբեջանի ջրաղացին ջուր է լցում ՀՀ-ի իմիջը փչացնելու իմաստով, ուրեմն դա իրենք են`այս ավազակապետերը: Եթե ընդդիմությունը չբարձրացներ, այս ամենը չէ՞ր իմացվելու, էլի պիտի իմացվեր: Այդ առումով ընդդիմության խնդիրն այլ է. երկրի այդ փչացած իմիջը շտկել, նախ այն մարդկանց, որ ապականում  են երկիրը, ուղարկել պատմության աղբանոց եւ եթե դա չի հաջողվում, ցույց տալ, որ ՀՀ-ում կան առողջ ուժեր, որ ՀՀ-ն լիովին թաղված չէ կոռուպցիայի մեջ»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. miqoaper says:

    Աղբանոցը դուրս եկավ , բայց պետք չի ձեռքներս կեղտոտենք իրենք իրենց հեսա Նուբարաշենի աղբանոցում գերեզմանատուն կսարքեն

  2. Hakob says:

    ասված է – “Այդ մարդիկ ո՞նց կարող են օրինակ ծառայել իսկական հոգեւորականության, ժուժկալության, ճգնավորության: ”

    իսկ ինչպե՞ս կաևող է այսպիսի անհատը օրինակ ծառայել երեսփոխանի: բացարձակ թյուրիմացություն է:

    ասված է – “Եթե ընդդիմությունը չբարձրացներ, այս ամենը չէ՞ր իմացվելու, էլի պիտի իմացվեր:”

    եթե ընդիմությունը մտածում է արդարության ու ճշմարտության , այլ ոչ թե սեփական “փայի” մասին, ապա գոյն մեկ անգամ կկանգներ ու կհարցներ, թե այ պարոն Փայլակ Հայրապետյան, բա էտ միլիոննե՞րը քեզ որտեղից, որ գրավադրել ես… քա՞նի հազար բանվոր ու աշխատող ես թալանել ժամանակին…
    Սակայն հասկանալի է, որ ստեղ ոչ մի “քյար” չկա ընդիմության համար … իրանք երկրի իմիջի դարդն են :)) :(… ուղղակի խնդալու կլիներ, եթե էսքան լացելու չլիներ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031