Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում իրականացվում են բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային մասերի մաքրման, արտաքին պատերի եւ պատշգամբների թափված ծեփերի վերականգնման, առանձին շենքերում նաեւ ներկման աշխատանքները:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, 12 շենքում գործընթացն արդեն ավարտվել է, մյուսներում աշխատանքները շարունակվում են եւ կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում ` մինչեւ օգոստոսի 1-ը: Գործառույթը ներառում է պատերի մաքրող հեղուկով լվացում, սվաղ, իսկ ոչ քարաշեն շենքերում՝ նաեւ նախկինում եղած գույնին համապատասխան ներկում: Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվում նաեւ պատուհաններն ու վերականգնվում պոկված կամ քանդված քարերը: Մայրաքաղաքում շենքերի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներն իրականացվում են 2009 թվականից: