Եղիշե Չարենցի տուն-թանգարանն այս անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել ՀՀ վաստակավոր նկարիչ, ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆայել Աթոյանի առջև, որտեղ էլ իրականացվեց նկարչի ալբոմի շնորհանդեսը:
Ալբոմում ներառված էր հեղինակի աշխատանքները, կենսագրական տվյալներ և հուշեր, ընդհուպ`դպրոցական տարիներից: Երաժշտական համարով տրվեց ցերեկույթի բացումը: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ուրախ էր կրկին հանդիպելու մեծ վարպետին:
Ըստ նրա`Աթոյանի կենսափորձն, անցած ճանապարհն ու ստեղծած արժեքները վկայում են կամքի ուժի և հաստատակամության մասին. «Ռաֆայելը Աթոյանը հանգամանքների բերումով այսօր Հայաստանում չի ապրում, սակայն վերադարձել է և ոչ ձեռնունայն, որի համար շատ ուրախ եմ»,-ասաց նա:
ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հերմինե Նաղդալյանը ողջունելով նկարչին, վերջինիս հանձնեց ՀՀ ազգային ժողովի Պատվո մեդալ`հայկական համայնքներում ունեցած ներդրման համար. «Սա մի հրաշալի առիթ է, մաղթում եմ վարպետին, որ վրձինը միշտ ձեռքում լինի»:
Կարդացեք նաև
Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն անդրադառնալով վարպետին, նրա գործունեությանը, ասաց, որ Աթոյանին տեսնում է եռամիասնության մեջ. «Ես միշտ հիշում եմ Աթոյանին եռամիասնության մեջ` Հակոբ Հակոբյան, Շահեն Խաչատրյան և Ռաֆայել Աթոյան»,-ասաց նա, նկարչին փոխանցելով` ՀՀ մշակույթի նախարարի կողմից շնորհված շնորհակալագիր` կատարած հայրենանվեր աշխատանքի, սփյուռքում հայ մշակույթի և արվեստի պահպանման, տարածման և զարգացման համար:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ