ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 11-ին հանդիպեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ:
Դեսպանը կարևորեց Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցությունը ինչպես ճանապարհաշինարարության, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության ոլորտներում:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ շատ կարևոր է, որ անգլիական ընկերություններն ավելի ներգրավված լինեն Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում:
Կարդացեք նաև
«Մենք շահագրգռված ենք այդ բնագավառում ունենալ ավելի շատ համատեղ ծրագրեր: Հայաստանում նրանք կարող են մեծ հեռանկարներ ունենալ գործունեության ծավալման և փորձի փոխանակման առումով»,-ասաց նախարարը:
Գ. Բեգլարյանը Քեթի Լիչին ներկայացրեց նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարևորությունը, նշեց, որ չնայած վերջին շրջանում առաջացած որոշ խնդիրներին, ամեն ինչ անելու են, որ ծրագիրն ունենա հաջող ավարտ:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, վստահություն հայտնեցին, որ բոլոր հիմքերը կան համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու և ընդլայնելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն