Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին այսօր ներկայացել դատական բժիշկ Վիգեն Ադամյանը, դատաձգաբան Արայիկ Ասլանյանը:
Դատական բժիշկը հայտնեց, որ երբ տուժող Պարույր Հայրիկյանի բժիշկը բացել է վերքի մշակման ժամանակ նրա վերքը՝ տեսել է օվալաձեւ վնասվածքը, խոնավ մակերեսով, չափել է այն, հետազոտել:
Իսկ երկրորդ վերքը եղել է վիրահատական վերքի շրջանում, ինչը չի տեսել, բավարարվել է այն տեղեկանքով, որը տրվել է բժշկի կողմից: Ի դեպ, այդ ժամանակ Հայրիկյանը գտնվել է բժիշկների հսկողության տակ՝ վերակենդանացման բաժնում:
Ձգաբանն էլ ասաց, թե Պարույր Հայրիկյանի վրա կրակած «Նագան» տեսակի զենքի վրա մատնահետքեր չեն եղել, իսկ տուժողի մարմնից հանված գնդակը եւ դեպքի վայրում գտնվածը նույն զենքից էին:
Կարդացեք նաև
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանն անդրադարձավ տուժողի ՝ շոշափվող վնասվածքին՝ վերքին, որը տեղ էր գտել մեղադրական եզրակացության մեջ:
Նա ասաց, որ դատական փորձագետը չի տեսել շոշափվող վերքը, եւ բժշկի եզրակացությամբ է տվել իր եզրակացությունը:
«Կասկածի տակ են առնվում չփարատված կասկածները՝ հօգուտ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի:Ուստի միջնորդում եմ մեղադրական եզրակացության ծավալում կատարել փոփոխություն: Չի հերքվում, որ եղել է երկու կրակոց. մեկը Պ. Հայրիկյանի կրծքավանդակին, մեկը նրա ուղղությամբ, որը վնասել է Հայրիկյանի վերարկուն, պիջակը, վերնաշապիկը: Շոշափվող վնասվածքի պահով հրաժարվում եմ մեղադրանքից»,-ասաց Ա. Ամիրզադյանը:
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ասաց, որ կարող է առաջարկել, որ ազատեն ամբաստանյալներին, բայց ճշմարտության դեմ մեղանչել չի կարող եւ պնդում է, որ իրեն ուղղված 2-րդ կրակոցը սպանելու համար էր:
Ի դեպ, երբ մեկ այլ նախագահի թեկնածու՝ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, թե իր պաշտպանյալը կապ չունի կատարվածի հետ, եւ փորձագետին ուղղեց հարց, թե ինչպիսին էր գնդակի ուղղությունը մարմնի մեջ, Հայրիկյանի համակիրները աղմկեցին: Դատավոր Գագիկ Պողոսյանը դուրս հրավիրեց նիստերի դահլիճի երրորդ դահլիճի բոլոր նստածներին, եւ նրանցից մեկն ասաց.«Դուրս հանե, ես Եվրոպայեն եկած եմ, ասանկ խայտառակություն տեսած չեմ»:
Ալեքսանդր Սիրունյանը, երբ կարճ ընդմիջումից հետո վերադարձել էր նիստերի դահլիճ, հորդորեց Պարույր Հայրիկյանին. «Իր հետ խոսացողներ չուղարկի դուրս», ինչին Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Կարող եք հանգիստ քնել, ես որեւէ մարդ չեմ ուղարկել»:
Ալեքսանդր Սիրունյանը պահանջեց Պարույր Հայրիկյանի հիվանդության պատմությունը, որը գործում չկար, ինչի կապակցությամբ Պարույր Հայրիկյանն ասաց, որ հիվանդության պատմությունը հետաքրքրելու է միայն իրեն, եւ նրանց, ովքեր իր հիվանդության հետեւանքները պիտի փորձեն վերացնել:Նա ասաց, որ հիվանդության պատմությունը, Բելգիայից բերված բոլոր տեղեկանքները ընկած են քաղհայցի հիմքում:
Դատարանը մերժեց այս միջնորդությունը եւ դատաքննությունը համարեց ավարտված:
Դատական վիճաբանությունների փուլը նշանակվեց հուլիսի 29-ին, մեղադրական ճառով հանդես կգա Արամ Ամիրզադյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Տեսանյութը՝ «Երկիրի»