Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն նկար մի պատմություն է». Նկարիչ ամուսիններ Վլադիմիր Գրիգորյանի և Ֆլորա Բաղդասարյանի մասին

Հուլիս 12,2013 17:55

 

«Կյանքը կարճատև է, իսկ արվեստը՝ հավերժական», – ասել է Հիպոկրատը, և այդ հավերժական կյանքի ճանապարհին էլ միմյանց հանդիպեցին երկու արվեստագետ, մարդիկ, ովքեր ապրում ու շնչում են նկարչությամբ: Ամուսիններ Վլադիմիր Գրիգորյանն ու Ֆլորա Բաղդասարյանն արդեն երկար տարիներ է՝ իրենց օրը սկսում ու ավարտում են նկարելով:

«Ես Թերլեմեզյանի ուսումնարանում էի սովորում, իսկ Վլադիմիրը բանակում էր: Երբ նա ավարտեց ծառայությունը ,եկավ մեր ուսումնարան, ու արդեն 3-րդ կուրսից միասին էինք սովորում», – պատմում է Ֆլորա Բաղդասարյանը:  «Ֆլորան միշտ խուսափում է այդ մասին երկար խոսել – ասում է Վլադիմիր Գրիգորյանն  ու ժպիտով շարունակում,-եկա ուսումնարան ու տեսա, որ մի շատ գեղեցիկ աղջիկ կա, ով կողքիս էր նստում, այդպես ծանոթացանք ու սովորեցինք միասին»: Ավարտելուց հետո պարոն Գրիգորյանը գնում է Լենինգրադ՝ ուսումը շարունակելու, տիկին Բաղդասարյանն էլ շուրջ 7 տարի սպասում է նրան՝ այդ ընթացքում հաճախելով նաև մեծն արվեստագետ Անատոլի Պապյանի արվեստանոցը: Սպասումը տվեց իր ցանկալի արդյունքը. Վ. Գրիգորյանը տարիներ անց վերադարձավ, նրանք ամուսնացան ու միասին գնացինք Ղազախստան. «Ես այնտեղ արդեն Նկարիչների միության անդամ էի, երկու տարի հետո էլ Ֆլորան դարձավ, ու սկսեցինք միասին ստեղծագործել», – պատմում  է նա: Հայաստան վերադառնալուն պես ամուսիններն ունեցան իրենց արվեստանոցը, որն ինչպես ժպիտով նշում են՝ լավագույնն էր մյուս բոլոր արվեստանոցներից:

Ցուցահանդեսներ շատ են ունեցել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս. «Առաջինը եղել է Գերմանիայում, հետո Չեխոսլովակիայում, Եգիպտոսում, դրանից հետո արդեն մեզ երկուսիս հրավիրեցին Ավստրալիա՝ այնտեղ ապրելու ու հայկական դպրոցներում դասավանդելու համար», – ասում է Վ. Գրիգորյանը: Երկու տարի դասավանդելուց հետո՝ շուրջ 7 ամիս էլ մեկ այլ կարևոր աշխատանքի էին պատրաստվում՝ եկեղեցու պատին պետք է որմնանկար անեին: Ավստրալիային հաջորդել է Փարիզը, որտեղ ամուսիններին հրավիրել էին աշխատելու: Տարիներ անց արդեն Փարիզի արվեստի կենտրոնում ունեցան իրենց անհատական ցուցահանդեսը. «Աշխատանքները հիմնականում Հայաստանից էինք տարել, որոշներն էլ այնտեղ նկարեցինք», – նշում է պարոն Գրիգորյանը: Այսքանով սակայն ցուցահանդեսների շարքը չավարտվեց. ևս երկու ցուցահանդես ունեցան հայկական եկեղեցիների բակում:

Մեծ է նկարչի ժանրային «դիապազոնը»՝ թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ:Վլադիմիր Գրիգորյանը, լինելով այն սերնդի ներկայացուցիչը, որի մանկությունն անցել է պատերազմի ծանր տարիներին, իր գործերում անդրադարձել է նաև պատերազմական թեմային: Այդ առումով հետաքրքիր է նրա «Հերոսի մահը» կտավը, որը մի հուշ-պատկեր է՝ ձոնված իր այն սերնդակիցներին, որոնց համար հաղթանակ և խաղաղություն բառերը ոչ թե սոսկ հասկացություններ են, այլ մեծագույն երազանք: Նկարչի աշխատանքներում զգալի տեղ է գրավում հատկապես բնանկարը: Հայկական բնաշխարհի գեղեցկությունը ստեղծագործական որոնումների անսպառ աղբյուր է նրա համար: Բնապատկերները «շնչում» են հանդարտության, հոգեկան հավասարակշռության զգացումով: Դիտողին էլ վարակում են կենդանի բնությանը բնորոշ հուզումնալից տրամադրությամբ: Եթե պարոն Գրիգորյանի նկարներում գերակշռում է դարչնագույնը՝ խորքից նկատվող կապույտի ու կարմիրի նրբերանգներով, ապա տիկին Բաղդասարյանի նկարները գունային այլ երանգ ունեն. «Աշխատանքներիս մեջ գերակշռում է կապույտը, երկնագույնը – ասում է նա ու հավելում, –  չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես»:

Աշխատելով կերպարվեստի բոլոր ժանրերում՝ Ֆլորա Բաղդասարյանը նախապատվությունը տալիս է դիմանկարին. մարդն է գտնվում նկարչուհու աշխարհընկալման կենտրոնում, ասում է. «Իմ նկարներում գերակշռում են կանանց ու մանուկների կերպարները, դա ինձ ավելի հոգեհարազատ թեմա է»: Տիկին Բաղդասարյանի կտավները պետք է դիտել մանրամասնորեն: Նա նուրբ ճաշակով է ընտրում և մանրակրկիտ նկարում ինտերիերի ամեն իր, հագուստի կամ զարդեղենի ամեն մանրուք, կարպետի, գորգի ամեն նախշ: Լինում են օրեր, երբ լույսը բացվելուն պես նկարչուհին վրձինը ձեռքն է վերցնում. «Երբեմն նաև ուղղակի նստած եմ լինում ու մեկ էլ վեր եմ կենում ու սկսում նկարել, տրամադրությունից է կախված», – նշում է նա: Աշխատանքներ են եղել, որ շատ շուտ է ավարտել, աշխատանքներ էլ եղել են, որ երկար ու ձիգ օրեր են խլել:

Ամուսինները ամենից ավելի սիրելի ու հոգեհարազատ նկարներ որպես այդպիսին չառանձնացրեցին, քանզի նշեցին, որ ամեն նկար մի պատմություն է, ու ամեն նկար իր նշանակությունն ունի:

PrevPhoto
NextPhoto

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031