Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության կողմից կազմակերպված «Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովը»

Հուլիս 12,2013 17:40

Հուլիսի 11-ին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության «Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովը», որին մասնակցում է 71 գրող Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:

Բացման խոսքով Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա նշեց. «2005 թվականից պարբերական է դարձել այսպիսի համաժողովների կազմակերպումը: «Մենք փորձում ենք առավել ամրապնդել Հայաստան-Սփյուռք միասնական գրական դաշտը: Մեր օտարագիր գրողները թարգմանվում և տպագրվում են հայերեն: Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը կազմակերպչական հարցերում մշտապես աջակցելու և մեր կողքին կանգնելու համար, ինչի արդյունքում մեծացել է Հայաստան այցելող մեր հեղինակների երկրների աշխարհագրությունը:  Դրա վառ ապացույցն այն է, որ այս համաժողովին մասնակցում է 20 նոր բանաստեղծ»:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:

«Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության այս համատեղ ծրագիրը կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, նրանց ստեղծագործությունների ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդմանը», – նշված էր նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքում:

Նախարարը հորդորել է լինել միասնական համազգային հիմնահարցերի բարձրաձայնման առումով և համոզմունք հայտնել այն մասին, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով օտարագիր հայ գրողներից շատերը կստեղծեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ներկայացնող գործեր:

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, փոխանցելով կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը, կարևորեց համաժողովում միմյանց հետ շփումների հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը նման համաժողովի կազմակերպման համար՝ ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության  տնօրեն Արփի  Վարդանյանը նշեց, որ դժվար է Սփյուռքում հայ մնալ և այս առումով շատ կարևոր է օտարագիր գրողների դերը Սփյուռքի համայնքներում նոր սերնդի հայեցի դաստիարակման գործում: Արփի Վարդանյանը նշեց նաև, որ ՀԲԸՄ-ն մշտապես  սիրով է հովանավորում նման նախաձեռնությունները:

Ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ից անվանի հայ գրող Փիթեր Սուրյանը, Փարիզից  Ջուլիետ Գրիգորյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, Բ.Գ.Դ. պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:

Վիլյամ Սարոյանի ստեղծագործության մասին զեկույցով հանդես եկավ գրող, հրապարակախոս Արտեմ Հարությունյանը, իսկ «Միրի» վեպը ներկայացրեց Փիթեր Սուրյանը:

Օրվա երկրորդ հատվածում համաժողովի մասնակիցները կդիտեն նաև Վոն Փիլիկյանի «Վեհաժողով երկու» ֆիլմը,  կայցելեն Կեչառիսի վանական համալիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031