Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

Հուլիս 12,2013 16:29

Հուլիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած այս մրցանակն այս տարի շնորհվեց մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցների և հյուրերի ներկայությունը Սբ Էջմիածնում ողջունեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով շնորհավորեց մեծարյալ արվեստագետին  Հայ Եկեղեցու մրցանակին արժանանալու կապակցությամբ:

Ապա Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ընթերցեց հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին` հոգևոր, մշակութային ու մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար:

Մրցանակաբաշխությունից հետո ներկաների հետ իր զգացումները կիսեց պրն. Փելեշյանը, ով իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար:

Արարողության ավարտին ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակությամբ անդրադառնալով շնորհալի կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությանը` Վեհափառ Հայրապետն ասաց. «Տիար Փելեշյանը ռեժիսոր-վավերագրողի իր գործերով, բարձրարժեք վավերագրական ֆիլմերով բազմաթիվ մարդկանց հոգիներում զորացրել է ձգտումը դեպի բարին ու արդարը, վեր հանել մարդկային ներաշխարհի հույզերը, կամքի ուժը և ստեղծագործական թռիչքը, ներկայացրել Աստծո արարչագործության պսակ մարդ արարածին իր ողջ վեհությամբ, տքնելու ու կերտելու զորությամբ, ամրապնդել նաև մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը, իր ուրույն տեսանկյունով ներկայացրել հայ ժողովրդին»: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց նաև, որ մեր ժողովրդի համար հպարտություն է այսպիսի զավակ ունենալը, ով համաշխարհային կինոյի ասպարեզում համարվում է մեծագույն գործիչ և կինեմատոգրաֆիայի դասական, ում նշանավոր գործերը համամարդկային նշանակություն ունեն և նույնիսկ մեր ժողովրդի մասին պատմող  գործերը դուրս են գալիս նեղ սահմաններից, ազգայինի միջոցով ներամփոփում ու տարածում համամարդկայինը: Վերստին շնորհավորելով տիար Փելեշյանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց մեծարյալին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031