Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ ՔԱՆԴԵՑ ՍՈՎԵՏԸ

Հուլիս 12,2013 16:01

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ տասներորդ

Ո՞Վ ՔԱՆԴԵՑ ՍՈՎԵՏԸ

Եվ Արիկը Հայկունուն հարցրեց՝ «Սոլժենիցինին քանի՞ բալ ես տալիս», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որպես գրո՞ղ, թե՝ որպես դիսիդենտ», եւ Արիկն ասաց՝ «որպես գրող», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տասնչորս», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն հարցրեց՝ «Սոլժենիցինին ու Ֆադեյին հավասար ե՞ս տալի, ադա», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ֆադեյ Տաճատիչին որպես վարչական աշխատող եմ տասնչորս տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Սոլժենիցինը որպես դիսիդենտ տասնութ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դիսիդենտներից մենակ Սոլժենիցինն ու Սախարովն են տասնութ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «դեկաբրիստներին չհաշված», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «էդ խեղճերի՞ն ինչի չես հաշվում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ իրանք դիսիդենտ չեն», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բա ի՞նչ են», եւ Հայկունը պատասխանեց ու ասաց՝ «հեղափոխական» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ հեղափոխական դեմոկրատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրանք ավելի գաղափարական էին, քան՝ դիսիդենտները», եւ Բարդուղն ասաց՝ «դիսիդենտների  նպատակն ընդամենը Սովետը քանդելն էր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ դեկաբրիստների նպատակն էլ Ռուսաստանը քանդելն ա էղել», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դեկաբրիստներն էլ իրանց վախտվա դիսիդենտներն էին», եւ Արիկն ասաց՝ «բայց դեկաբրիստներն ավելի գաղափարական էին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դեկաբրիստները համ էլ հեղափոխական էին», եւ Ջավախյանը փռթկացնելով Արիկին հարցրեց՝ «դու էլ ե՞ս էդ զադերից հասկանում, ադա», եւ Արշակը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «Արիկին մի աչքով ե՞ս նայում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ վախտին դուխը հերիքեր, ինքն էլ կարող ա դիսիդենտ դառնար», եւ Արիկն ասաց՝ «դիսիդենտների նպատակը Սովետը քանդելն էր» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «Սախարովն ու Սոլժենիցինը Սովետը քանդելու համար են պայքարել», եւ Ջավախյանը հարցրեց՝ «Հայրիկյանն էլ չի՞ Սովետը քանդելու համար պայքարել», եւ Օրթախն ասաց՝ «ամեն մեկն իրա չափով ու իրա ձեւով ա պայքարել» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Արշակն էլ իրա ձեւով էր պայքարում», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «Արշակն ի՞նչ թավուր էր պայքարում», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «տղերքի հետ Մոսկվայի ասպիրանտական հանրակացարանի պարկետները քանդում էին, որ էդ ձեւով Սովետին վնաս տան», եւ Արշակը ժպտալով Օրթախին ասաց՝ «էն թվերին դու էլ պակաս հակասովետական չէիր», եւ Ջավախյանը փռթկացնելով Օրթախին հարցրեց՝ «դու էլ ե՞ս պարկետնին քանդել, ադա», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «պարկետ չեմ քանդել, բայց հակասովետական էղել եմ», եւ Ջավախյանը փռթկացնելով Օրթախին հարցրեց՝ «գաղափարապե՞ս», եւ Օրթախն ամաչելով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ չեմ պատկերացնում», եւ Արշակը  ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ես էլ որ աչքովս տեսած չըլնեի, դժվար թե պատկերացնեի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուք պայքարեցիք, բայց Սովետը Գորբաչովը քանդեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Ելցինի հետ միասին», եւ Արիկն ասաց՝ «Սովետն ամերիկացիք քանդեցին», եւ Ջավախյանն ասաց՝ «Գորբաչովի ու Ելցինի միջոցով», եւ Անանիան ասաց՝ «բոլորիս միջոցով», եւ Ջոնն ասաց՝ «չեմ հասկանում՝  ինչի եք Սովետի քանդվելու համար էդքան դարդ անում», եւ Արիկն ասաց՝ «որովհետեւ մեր ձեռով մեր տունը քանդեցինք», եւ Ջավախյանը ժպտալով Արիկին ասաց՝ «բա նոր ասում էիր՝ ամերիկացիք են քանդել», եւ Արիկն ասաց՝ «ամերիկացիք մեր ձեռով քանդեցին», եւ Ջավախյանն ասաց՝ «այսինքն, մեր տունն ամերիկացիք են քանդել, բայց՝ մեր ձեռով», եւ Ջոնն ասաց՝ «որ նորմալ տուն ըլներ, չէր քանդվի», եւ Արշակն ավելացրեց՝ «որ հիմքերը խախուտ չըլնեին, դժվար թե քանդվեր» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ամերիկան էլ են ուզում քանդեն, բայց չեն կարում», եւ Արիկն ասաց՝ «Ամերիկայի հերթն էլ կգա», եւ Ջավախյանն ասաց՝ «Ամերիկայի հերթը դժվար էլ գա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ քանդողն իրանք են, իրանց հերթն ինչի՞ պիտի գա», եւ Ջոնը քմծիծաղով ասաց՝ «Արիկը Սովետի փորձից ա ասում. Սովետը մի վախտ ինքն էր երկրներ քանդում, հետո իրան քանդեցին», եւ Արիկը Ջոնին ասաց՝ «լավ չես հիշում», եւ Ջոնը հարցրեց՝ «ի՞նչը լավ չեմ հիշում», եւ Արիկն ասաց՝ «Սովետը ոչ թե երկրներ էր քանդում, այլ՝ երկրներ էր շինում», եւ Ջոնը փռթկացնելով Արիկին ասաց՝ «ճիշտ ես ասում. էդ երկրներին շինում էր», եւ Ջավախյանը փռթկացանելով Ջոնին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով էր շինում, ադա», եւ Ջոնը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «միանգամայն լավ իմաստով» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շինելը չի կարա վատ իմաստ պարունակի», եւ Ջավախյանը փռթկացնելով Ջոնին ասաց՝ «պսակված չես էղել, բայց ամեն ինչ գիտես», եւ Աբոն Ջավախյանին ասաց՝ «որովհետեւ Սովետի օրոք ամեն տարի  ծովափ էր գնում», եւ Ջավախյանը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ամեն տարի ծովափ ե՞ս գնացել, ադա», եւ Ջոնն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «համարյա», եւ Աբոն արհամարհական նայեց Արշակին ու ասաց՝ «Արշակն էլ ա ամեն տարի ծովափ գնացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Աբոյին հարցրեց՝ «համ ամեն տարի ծովափ են գնացել, համ էլ Սովետին քֆրտում ե՞ն», եւ Ջոնը ժպտալով ասաց՝ «էն վախտերն Աբոն մեզնից ուժեղ էր Սովետին քֆրտում», եւ Ջավախյանը ժպտալով Աբոյին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում, ադա», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որոշ չափով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրանց չափ չէի քֆրտում, բայց քֆրտում էի», եւ Ջավախյանը զարմացած նայեց Աբոյին ու ասաց՝ «հավատս չի գալի, որ դու Սովետին քֆրտած ըլնես», եւ Ջոնը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «լավ էլ քֆրտում էր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենք վկա ենք», եւ Ջավախյանը հարցրեց՝ «դուք՝ ո՞վ», եւ Ջոնը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ես ու Արշակը», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «աղվեսը պոչին ա վկա բերում», եւ Արշակն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «արձակագիր ես՝ ինչ ես, արդեն չափդ անցնում ես», եւ Ջավախյանը զարմացած նայեց Արշակին ու հարցրեց՝ «էդ ինչի՞ հակարծակի բորբոքվեցիր, ադա», եւ Օրթախը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «նեղացավ», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց նեղացավ», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «որ Ջոնին աղվես ասեցիր, իրան՝ պոչ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով  ավելացրեց՝ «պիտի հակառակն ասեիր», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «սրանից հետո հակառակը կասեմ», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ղալաթ կանես, որ հակառակը կասես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջոնին ասաց՝ «պարզ ա, որ քեզ առաջին վարիանտն ավելի ա ձեռ տալի», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «առաջին վարիանտը ո՞րն ա», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց  ու ասաց՝ «որ ինքն աղվեսն ըլնի, Արշակը՝ պոչը», եւ Աբոն ասաց՝ «Ջոնն ինքն էլ չի հասկանում՝ որ վարիանտն ա իրան ձեռնտու» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «Ջոնին Սովետն էր ձեռնտու, բայց մի գլուխ Ամերիկային ա գովում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնն էլ Արշակը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Օրթախին հարցրեց՝ «Արշակին էլ է՞ր Սովետը ձեռնտու», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, Սովետը հենց Արշակի ու Ջոնի պես մարդկանց էր ձեռնտու» եւ  մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «Սովետն առաջին հերթին ծույլերին ու թամբալներին էր ձեռնտու», եւ Արիկն ասաց՝ «Սովետը համ աշխատողի համար էր լավ երկիր, համ՝ չաշխատողի», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Աբոյին հարցրեց՝ «Արշակն էլ ա՞ թամբալ», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, Արշակը Ջոնից էլ ա թամբալ», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «թամբալ մարդը ո՞նց կարա էդքան խոսա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էն չորրորդ  խոսափողի հերն անիծեց», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սովորաբար ծույլ մարդիկ ավելի շատախոս են ըլնում, քան՝ աշխատողները», եւ Ջավախյանը մի քիչ  մտածեց ու Աբոյին ասաց՝ «բայց մի հարցում հետդ համաձայն չեմ», եւ Աբոն հարցրեց՝ «ո՞ր հարցում», եւ Ջավախյանն ասաց՝ «էդ որ ասում ես՝ Սովետն Արշակին ձեռնտու էր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կապիտալիզմի օրոք Արշակը լավ էլ առաջ գնաց», եւ Արիկն ասաց՝ «խեղճ Արշակն էդ ե՞րբ առաջ գնաց, որ չիմացանք», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փողի մոմենտով կարող ա առաջ չի գնացել, բայց անունի ու փառքի իմաստով Արշակի հետ ոչ մեկը չէր կարա համեմատվեր», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ուշքդ ու միտքդ փառքն ա», եւ Ջավախյանն առանց Ջոնին նայելու ասաց՝ «ժողովուրդն ամենից շատ Արշակին ա սիրել», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «բա հիմի՞ ինչի չեն սիրում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Հայկունուն հարցրեց՝ «ինչի՞ չեն սիրում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «գրող մարդ ես. դու պիտի մեզ բացատրես՝ ինչի չեն սիրում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել