Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 13-րդ նիստը:
Նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Նախագահի գրասենյակից, կառավարությունից և Ազգային ժողովից, ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից, միջազգային կազմակերպություններից և ՄԱԶԾ-ից:
Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում: Վերջերս ստորագրվել է վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների համար: Հուսով եմ` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Եվրոպական խորհրդարանը և ՀՀ Ազգային ժողովը կվավերացնեն անհրաժեշտ փաստաթղթերը: Հաջողությամբ են ընթանում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները, դրական զարգացումներ են արձանագրվել անվտանգության, արդարադատության, ազատության ոլորտներում: Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ նաև արձանագրեցինք, որ էական առաջընթաց կա, և որ մոտեցել ենք 2013թ-ի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, հետևաբար Խորհրդատվական խումբը մեծ աշխատանքներ ունի կատարելու առաջիկայում»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ևս ընդգծեց, որ Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները նոր թափ են ստացել. <<Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան նոր թափ է հաղորդել Հայաստանի և Եվրամիության միջև արդեն իսկ ինտենսիվ ընթացող երկխոսությանն ու համագործակցությանը: Այցը վերստին ցույց տվեց, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել և խթանել Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումները>>:
Կարդացեք նաև
Ըստ դեսպանի, Եվրամիության հետ սերտ համագործակցությունը ոչ միայն մեծ հնարավորություն կընձեռի շուկաների հասանելիության, մարդկանց տեղաշարժի, համագործակցության առումով, այլ նաև դրանք իրացնելու հնարավորություն կտա:
Հրիստեան խոսեց նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը վերջնական տեսքի բերելուն մոտ լինելու մասին:
ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է իր կիսամյակային հաշվետվությունը (2013թ. հունվար-հունիս ամիսների), ինչպես նաև հաջորդ կիսամյակի կարիքների գնահատման փաստաթուղթը և աշխատանքային ծրագիրը: Խորհուրդը քննարկել է Խորհրդատվական խմբի հունվարից հունիս իրականացրած աշխատանքները և նշել բարեփոխումների առաջընթացի մասին: Խորհուրդը նաև, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել 2013 թվականի մինչև այժմ իրականացված աշխատանքները:
Խորհրդին ներկայացվել է 2013 թվականի Կարիքների գնահատման հաշվետվությունը, որտեղ հստակ ներկայացված են հույժ կարևոր խնդիրները և դրանց արձագանքման տարբերակները կառավարության և գործընկեր մարմինների համար:
Ազգային անվտանգության խորհուրդ