«Միայն առանց Սերժ Հայաստանում է, որ մենք կունենանք առանց քաղբանտարկյալների և չթանալվող երկիր»,-այսօր ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ՀԱԿ անդամների ցույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը:
Տեղեկացվեց, որ շուտով կլրանա երկու տարին, որ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ: Ա. Գևորգյանը զգուշացրեց, թե այս պայքարը չի դադարելու, մինչև երիտասարդները և Տիգրան Առաքելյանը ազատ չարձակվեն, մինչև ՀՀ-ում չստեղծվի իրավիճակ, որ բացառվի քաղբանտարկյալների առկայությունը:
ՀԱԿ ակտիվիստը նկատեց. «Այդ տարիներից սկսած Ս. Սարգսյանին այդքան ոչ հաճելի «Սերժիկ հեռացիր»-ը ոչ միայն չի վերացել, այլև մեր պայքարով հիմա ցույց ենք տալիս, որ էլ ավելի վճռական ենք, ու մոտիկ Սերժի հեռացմանը»:
Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ Տ. Առաքելյանի քրեական գործը վճռաբեկ դատարանից ուղարկվել է վերաքննիչ դատարան և 25-օրյա ժամկետում դատական նիստի նշանակման օրը պարզ կլինի:
Կարդացեք նաև
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ի պատասխան այն մեղադրանքներին, թե այս շրջանում ՀԱԿ-ը պասիվ է, այսպես արտահայտվեց. «Նախևառաջ եկեք հասկանանք, որ ՀՀ-ում ամռանը ակտիվ հանրահավաքային գործունեություն ծավալվել է միայն շատ հազվագյուտ իրավիճակներում. 1988-ին, 2008, 2009, 2011-ին: Այդ երեք ամռանն է, որ մենք ակտիվ հանրահավաքային գործունեություն ծավալեցինք՝ պայթեցնելով կարծրատիպերը: Հանրահավաք հանուն հանրահավաքի չի լինում: Եթե մի ուժ կա ՀՀ-ում, որ կարողանում է կազմակերպել հանրահավաքային գործընթացներ, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է ու ՀԱԿ-ը: Մեր հանրահավաքային պայքարի հիմքում դրված է հստակ քաղաքական հաշվարկ ու ընկալում, թե ինչի ենք հասել:Մեզ մեղադրողները պասիվության մեջ մակերեսայնորեն են դատում: Եթե մեզանից են դժգոհում, ոչ թե Րաֆֆիից, դա պիտի գնահատեք որպես մեծագույն գնահատական մեր քաղաքական ուժին»:
Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են նոր հանրահավաքային ալիքի:
Դառնալով այն հարցին, որ ՀՀ-ն կանգնած է կարևորագույն ընտրության առջև՝ ԵՄ-ի և ՌԴ-ի միջև, Լ. Զուրաբյանն ասաց. «Եթե հիմա ՀՀ-ին ընտրության առաջ են դրել, դրա գլխավոր մեղավորը ՀՀ իշխանություններն են: Նման ընտրությունը պարտադրում են թույլերին, ուստի եթե հայտնվել ենք այս իրավիճակում, դրա առաջին մեղավորը Սերժ Սարգսյանի փտած ռեժիմն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ