Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2050 թվականին կբնակվի լավագույն դեպքում՝ 3 մլն, վատագույն դեպքում՝ 1,5 մլն մարդ: Վերջին տաս տարիների ընթացքում մեր երկրից անվերադարձ հեռացել է առնվազն 320 հազար մարդ, եւ տարեկան ծնվում է 35-45 հազար երեխա՝ 1980-ականների 90 հազարի փոխարեն: Ի՞նչ մեթոդներ կարելի է կիրառել ծնունդների աճը խթանելու եւ արտագաղթը կանգնեցնելու համար, ո՞րն է ավելի հրատապ՝ արտագաղթը կանգնեցնելը, թե ծնելիության աճը խթանող միջոցներ ձեռնարկելը:
«Առավոտի» այս հարցերին ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը պատասխանեց. «Հրատապության առումով եթե գնահատենք, կարծում եմ, որ պետք է զուգահեռ քայլեր անել, որովհետեւ ե’ւ մարդկանց արտահոսքի, ե’ւ ծնունդների քանակի նվազեցման գործոնները, պատճառները նույնն են: Եթե մենք միայն ծնելիությունը ինչ-որ ձեւով ավելացնենք՝ առանց երկրում իրավիճակը փոխելու, երբ աշխատատեղեր չկան, երբ բարդ քաղաքական եւ տնտեսական իրավիճակ է, դա նշանակում ե, որ մենք ծնում ենք մարդկանց, որոնք վաղը արտագաղթելու են, գնալու են մեր երկրից: Եթե մարդիկ իրենց իրացնելու հնարավորություն չունեն՝ գնալու են… Ուրեմն նախեւառաջ պետք է բոլոր հարթություններում իրավիճակն այնպես բարելավվի, այնքան էական բարելավում լինի, որ մարդկանց մոտ անելանելիության զգացողությունը վերանա: Համալիր բուժում է հարկավոր: Պետք է, որ մարդիկ մտածեն, որ մեր երկիրն ապագա ունի, կարելի է ապրել, կան ազատություններ, հնարավորություններ… դա որ լինի, մարդիկ կսկսեն քիչ հեռանալ, եւ դա երկակի խնդիր կլուծի. մի կողմից՝ մնացող մարդիկ այստեղ երեխա կունենան, մյուս կողմից՝ հեշտ կլինի ծնելիությանը նպաստող միջոցառումներ իրականացնել»:
Մեր հարցին՝ արդյոք ծնելիության աճի խթանումը նպաստող կառավարության ձեռնարկած միջոցները՝ նպաստների բարձրացում երրորդ երեխայի համար եւ այլն, որեւէ ազդեցություն չե՞ն թողել, պարոն Եգանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ քայլերը ոչ լուրջ, ոչ էական ազդեցություն ունեն իրավիճակի վրա: Ի՞նչ եք կարծում, այդ 50 հազար դրամը որ տալիս են առաջին եւ երկրորդ երեխայի համար, 400 հազար դրամը՝ երրորդ երեխայի համար՝ ի՞նչ կարող են փոխել: Դուք գիտե՞ք որեւէ լուրջ մարդու, որը կունենա առաջին եւ երկրորդ երեխաները, որպեսզի հետո ունենա երրորդին՝ 430 հազարի համար: Այս ծրագիրը նաեւ ինչ-որ տեղ վտանգավոր է, որովհետեւ կարող են այդ քայլին գնալ ոչ լրջմիտ մարդիկ եւ մենք հետո սոցիալական խնդիրներ կունենանք, որովհետեւ պետությունը ստիպված կլինի հոգալ այդ երեխաների մասին, որոնց համար իրենց ծնողները հոգ չեն տանի»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ