Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Մենք երեք ընտրություններում, մեծ հաշվով, ձախողվել ենք»

Հուլիս 12,2013 15:25

«Վերջին օրերի համատեքստում եղել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը, դրան հաջորդել է հանրապետության վարչապետի արձագանքը. դուք երկու կարծիքներին էլ տիրապետում եք, այսքանով բավարարվեք: Ձեր վերլուծությունները, ձեր գնահատականները քննարկեք այս երկու տեքստերի հիման վրա: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- այսօր ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՅԴ-Տիգրան Սարգսյան «պատերազմի» թեմային:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է սկսել ՀՅԴ-ի դեմ: «Հայկական ժամանակ» թերթն էլ տեղեկություն էր հրապարակել, որ Տիգրան Սարգսյանը նեղացել է դաշնակցականներից` խորհրդարանում ՎՊ-ի 2012 թվականի հաշվետվության ժամանակ նրանց դրսեւորած՝ կառավարությանը քննադատող կեցվածքից:

Աղվան Վարդանյանը կրկին խորհուրդ տվեց ուշադիր կարդալ Հրանտ Մարգարյանի հարցազրույցն ու վարչապետի արձագանքը ու հետեւություններ անել:

Ներկուսակցական խնդիրներում էլ հորդորեց արտառոց բաներ չտեսնել: Նա չբացառեց նաեւ ՀՅԴ վերնախավում փոփոխությունները. «ՀՅԴ-ն ապրող, կենդանի կառույց է ու ի տարբերություն շատ շատերին` առողջ կառույց է, որտեղ անընդհատ քննարկումներ են լինում, անընդհատ տեսակետների բախում է լինում, մտքեր են առաջանում: Այսօր մեզ համար իսկապես այդպիսի շրջան է եւ ուզենք թե չուզենք, անցած վերջին երեք ընտրություններին մեր գնահատականներից, մենք խնդիրներ ունենք: Մենք երեք ընտրություններում, մեծ հաշվով, ձախողվել ենք եւ բնական է, որ այսօր մենք քննարկում ենք: Թողնենք մի կողմ ընտրությունների բնույթը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը: Գուցե մի բան մեզ մոտ է՞լ է սխալ, մենք էլ ինչ-որ բաներում թերացել ենք: Մենք այս քննարկումների մեջ ենք եւ սրանք առողջ քննարկումներ են»:

Aravot.am-ի հարցին`ինչո՞վ կբացատրեք այն իրողությունը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարբեր ժամանակաշրջաններում խնդիրներ ունեցավ Հայաստանում գործող ավանդական կուսակցությունների կառույցների հետ, Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք որեւէ մեկի հետ որեւէ խնդիր չունենք: Ուշադիր ընթերցեք վերը ասված երկու տեքստերը եւ ձեր գնահատականները կարող եք տալ, կտեսնեք` ճշմարտությունը որտեղ է: Մի բան իմացեք`Դաշնակցությունն իր քայլերն անում է ինքնուրույն»:

Հիշեցնենք, որ անցյալ տարիներին վարչապետի անվան հետ կապվեցին նաեւ ՀՌԱԿ-ի եւ ՍԴՀԿ-ի պառակտումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031