Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի թանկացումը` դեպրեսիաների աճի պատճառ (Տեսանյութ)

Հուլիս 12,2013 15:17

«Ցանկացած տեսակի տնտեսական խնդիր ազդում է մարդու տրամադրության վրա եւ, եթե այդ խնդիրը բավական երկար է տեւում եւ լուծելու հնարավորություններ չկան, ապա խոցելի օրգանիզմների մոտ կարող են այս կամ այն տեսակի տրամադրության խանգարումներ լինեն, որոնք եւս հոգեկան խանգարումների մեջ են»,-ասաց Հայաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումն ու դրա հետեւանքով արձանագրված գնաճը կարո՞ղ է հասարակության դեպրեսիայի պատճառ դառնալ ու հոգեկան խնդիրներ առաջացնել:

Պարոն Սողոյանի ներկայացմամբ` ցանկացած տնտեսական ճգնաժամ ազդում է դեպրեսիաների աճին, այսինքն, եթե մարդը չի կարողանում իր տնտեսական խնդիրները լուծել, դառնում է դեպրեսիվ, իսկ դեպրեսիվ մարդը կարող է անաշխատունակ դառնալ:

Մանրամասները` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ներկայիս արագ զարգացող աշխարհն ու ինտերնետն ինչ հոգեբանական ազդեցություններ են թողնում, պարոն Սողոյանն ասաց. «Ընդհանրապես զարգացող աշխարհը բավական մեծ սթերսոգեն գործոն է, զարգացող աշխարհն ունի մի քանի պարտադիր պայմաններ` մեծանում է մարդկանց միգրացիան, ցանկացած տեղափոխություն սթրեսածին գործոն է: Այսօրվա գլոբալացման պայմաններում միգրացիայի աստիճանն ամենամեծն է: Աշխարհը գնալով փոքրանում է, մարդիկ իրար հետ ավելի շատ են կարողանում շփվել եւ տարբեր մտածողության տեր մարդկանց հետ շփվելը նույնպես սթրեսածին գործոն է: Պոպուլյացիայում գնալով ավելի շատ են կուտակվում այս կամ այն խանգարում ունեցողները, եւ, եթե նախկինում խանգարում ունեցողները ավելի երիտասարդ տարիքում մահանում էին, չէին հասցնում սերունդ տալ, հիմա շարունակում են սերունդ տալ եւ դա նույնպես ընդհանուր մարդկության գենոֆոնդ ավելի խոցելի է սկսում դարձնել: Իսկ ինտերնետի պատճառով նոր հիվանդություն է առաջացել` ինտերնետային կախվածություն, որը քանի գնում ավելի շատանում է եւ եղած տվյալներն ահագնացող են»:

Կարո՞ղ է ինտերնետային կախվածությունը հոգեկան շեղում առաջացնել, պատասխանը` տեսանյութում

Արմեն Սողոյանի ներկայացմամբ` Հայաստանում հոգեբուժական դիսպանսերային ծառայություն ստացողների 29%-ը կանայք են, 2%-ը` երեխաներ, մնացածը` տղամարդիկ. տղամարդկանց նման մեծ տոկոսը, պարոն Սողոյանի խոսքերով ասած` կանանց դիմելիությունն է ցածր, եւ քանի որ տղամարդիկ բանակ գնալուց առաջ հետազոտվում են, ապա բնականաբար բացահայտվում են նման խնդիր ունեցողները:

Պարոն Սողոյանը ներկայացրեց առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության տվյալներ, որոնք, ճիշտ է իրականացվել են Մարոկկոյում եւ Թունիսում, բայց լավ կլիներ, որ այն նաեւ Հայաստանում իրականացվեր: Մասնագետի խոսքերով` նշված 2 երկրների հասարակության հոգեկան առողջության վերաբերյալ լուրջ հետազոտություն է կատարվել եւ բացահայտվել է, որ այս 2 երկրներում դեպրեսիաների աստիճանը նորմալից շատ բարձր է, եւ, իհարկե, ղեկավարների դիրքորոշումն այս խնդրի նկատմամբ` տարբեր էր.«Զեկուցվեց ղեկավարությանը, Թունիսի ղեկավար Բեն Ալին, ասաց մի հրապարակեք տվյալները, ոչ ճիշտ ինֆորմացիա է, Մարոկկոյին էլ ասաց` հրապարակեք, աշխատեք այդ ուղղությամբ, ու ինձ զեկուցեք: Մարոկկոյում աշխատանք տարվեց` դեպրեսիաների թիվը նվազեց, իսկ Թունիսում տեսանք ինչ կատարվեց` մի հոգեկան հիվանդ ինքնահրկիզվեց, որը առիթ եղավ ու պայթեց մի ամբողջ երկիր, Թունիսի ղեկավարն էլ` փախավ»:

Պարոն Սողոյանի հավաստմամբ, Հայաստանում նման հետազոտություն չի արվել, ասաց, որ մոտ 40 հազար դոլար է անհրաժեշտ: Իսկ թե ինչն է պատճառը, որ հայերը ավելի հանդուրժող են եւ մեզ մոտ պայթյունավտանգ երեւույթներ հասարակության կողմից չի լինում, մեր այս հարցին էլ, պարոն Սողոյանն ասաց. «Բարդ է այդ մասին խոսելը, տարբեր են պատճառները, մեզ մոտ ավելի վատ վիճակ է, բայց հայերը, եթե մի քիչ ավելի վատ վիճակում են լինում, ուղղակի թողնում` գնում են: Այսինքն, եթե ինքը ավելի հեշտ լուծելու ճանապարհ ունի, կդիմի դրան, ասենք` Ռուսաստան կգնա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031