Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանն այսօր մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը վերջին օղակն էր` կատարված այն դիտավորյալ հանցագործությունների, որոնք ուղղված էին նրա գույքի եւ նրա հարազատների ունեցվածքի դեմ:
Փաստաբանը մանրամասնեց, որ դեռ 2010 թվականին հրդեհել են Հրաչ Մուրադյանի ֆերմայի խոտի դեզը: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը չորսին: Գործն անհետեւանք էր մնացել, մինչդեռ հրշեջների եզրակացության համաձայն, հրդեհի նախադրյալներ չեն եղել`կայծակ, մոտակայքով անցնող էլեկտրալարեր:
Դրան հաջորդել է Հրաչի եղբոր տղային առեւանգելու փորձը` հենց Հրաչենց բակից: Այս գործն էլ իրավական առումով թերի է մնացել: Հաջորդ օրը, երբ Հրաչը գնացել է պարզելու`ինչո՞ւ են փորձել առեւանգել իր եղբորորդուն, ըստ փաստաբանի, կրակել են Հրաչի մեքենայի ուղղությամբ,, սակայն, հետագայում բազմաթիվ անձինք ցույց են տվել, որ Հրաչն է կրակել: Իսկ հետագայում գործն այնպիսի ընթացք է ստացել, որ Հրաչն է կրակել իր մեքենայի վրա`հանցագործության պատրանք ստեղծելով:
Հետո, փաստաբանը հիշեց 2012-ին ընտրությունների ժամանակ աղմուկ հանած վեճն ու ծեծկռտուքը:
Կարդացեք նաև
Այս բոլոր գործերը «փակվել են»: Մելանյա Առուստամյանը համոզված է, որ դրանք շաղկապված են եւ Հրաչ Մուրադյանի սպանությունն էլ վերջին օղակն է:
Այժմ փաստաբանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել, որ այս բոլոր գործերը վեր հանվեն եւ ամբողջական շղթայով քննվեն, քանի որ «փաստեր կան, որ այդ մարդիկ այսօրվա մեղադրյալների շրջանակներից են»:
Լրագրողներն ընդվզեցին, որ փաստաբանն ավելի հստակ չի խոսում, «այն կողմի» անունները չի հրապարակում: Նա ասաց, որ մինչեւ սպանության գործի նախաքննության ավարտը ավելին ասել չի կարող: «Հակված չենք, որպեսզի պատասխան տա նա, ով չի կատարել այդ հանցագործությունը»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ի վերջո ի՞նչ դրդապատճառով է այդ սպանությունը կատարվել`քաղաքական, թե`տնտեսական ու նկատեց, որ Հրաչ Մուրադյանի հարազատները սլաքը տանում են դեպի Կոտայքի մարզպետի կողմը`նաեւ փաստաբանի նշած նախկին դեպքերը վկայակոչելով: ՀՅԳ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց, որ ինքը լավատեղյակ է ամեն ինչի ընթացքից եւ այն կարծիքին չէ, որ հստակ ուղղորդում կա մարզպետի կողմը: Պարզապես, ըստ նրա, սպանության հաջորդ օրը մարզպետի հնչեցրած որոշ արտահայտությունները զայրացրել էին Հրաչ Մուրադյանի հարազատներին, բայց այդ խնդիրն, ըստ Վարդանյանի, իր հանգուցալուծումը գտավ:
Իսկ փաստաբան Մելանյա Առուստամյանն էլ առայժմ զերծ մնալով սեփական գնահատականները հրապարակելուց, միայն հիշեցրեց, որ Հրաչ Մուրադյանի սպանության գործով պաշտոնական մեղադրանքը հետեւյալն է` անձի ծառայողական գործունեություն կամ նրա հասարակական ակտիվություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ