Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Հակոբյան. աղտոտված մթնոլորտը նույնպես ալերգիաների պատճառ է (Տեսանյութ)

Հուլիս 12,2013 14:58

«21-րդ դարը հռչակվել է ալերգիկ հիվանդությունների դար»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց ալերգոլոգ, դոցենտ Արմինե Հակոբյանը: Նրա խոսքերով, ալերգիան համարվում է զարգացած երկրների հիվանդություն, քանի որ մարդիկ որքան շատ են օգտագործում մաքրող միջոցներ, նրանց իմունային համակարգն ընդունակ չի լինում պայքարելու մարդու օրգանիզմ թափանցող նյութերի դեմ: Արմինե Հակոբյանը, համեմատելով Հայաստանում ալերգիաների վիճակը, վստահեցնում է, որ զարգացած երկրների համեմատությամբ, Հայաստանում ալերգիաները ավելի ցածր տոկոս են կազմում: Օրինակ` ԱՄՆ-ում, ըստ տիկին Հակոբյանի, թիվ մեկ սննդային ալերգենը պարունակում է գետնանուշը, տասնյակ հազարավոր ամերիկացիներ տառապում են նաեւ եղնջացան կոչվող ալերգիայի տեսակից, որը, ալերգոլոգի խոսքերով, անբուժելի է համարվում, քանի որ պատճառները հայտնի չեն: Չի բուժվում նաեւ մեծերի մոտ առկա Էկզեման:

«Մեզ մոտ համար մեկ ալերգենը համարվում է կովի կաթը»,-ասում է բժիշկը` թվարկելով սննդի այլ տեսակներ, որոնք կարող են առաջացնել ալերգիա. «Ձուկը, ձուն, կաթը, ընկուզեղենը նույնպես կարող են ալերգիաների պատճառ դառնալ»:

Արմինե Հակոբյանի խոսքերով, եթե նոր ծնված երեխան մինչեւ 6 ամսական սնվի մայրական կաթով, ալերգիաներ ունենալու հավանականությունը նվազում է եւ ուշանում է ալերգիկ երեւույթների ի հայտ գալը:

Ալերգոլոգը խորհուրդ է տալիս ալերգիաներ ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի եւ ինքնաբուժմամբ չզբաղվել: Ըստ նրա՝ հիմնականում ալերգիաները բուժելի են, եթե դրանց պատճառները պարզ են: Նրա տվյալներով, մեր երկրում տարեկան 5-7 մարդ է մահանում մեղվի եւ կրետի խայթոցից առաջացած ալերգիայի պատճառով: Դեղորայքային ալերգիաներ ունեցող մարդկանց էլ բժիշկը խորհուրդ է տալիս զերծ մնալ առանց բժշկի հետ խորհրդակցելու որեւէ դեղ ընդունելուց: Ըստ նրա, քաղաքի բնակիչներն ավելի շատ են հակված ալերգիաների, քան գյուղաբնակները: Հայաստանում տարածված է նաեւ ծաղկափոշուց ալերգիան, որն արտահայտվում է քթահոսությամբ, աչքերի, ականջների շրջանում քորով եւ այլն:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե մասնագետները պնդում են, որ զանգվածային ծառահատումներով պայմանավորված, մթնոլորտի աղտոտվածությունը մեծացել է, ինչի պատճառով էլ ալերգիաները շատացել են, ալերգոլոգը նկատեց, որ «կոնկրետ ալերգիկ հիվանդությունների համար դիզելային վառելանյութի մասնիկները շնչուղիների համար հանդիսանում են վտանգավոր եւ գրգռիչ գործոն»: Մասնագետի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.

Բժիշկը վստահեցրեց, որ ասթմայով հիվանդացությունը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում, նույնպես բարձրացել է:

Մասնագիտության բերումով ալերգիաներ ձեռք բերած անձանց էլ` հացթուխներին, փայտամշակման արտադրամասերում աշխատող վարպետներին եւ այլն, ալերգոլոգը խորհուրդ է տալիս կամ աշխատանքը փոխել, կամ էլ պաշտպանիչ դիմակներ կրել, որոնք գոնե կնվազեցնեն փոշու մուտքը օրգանիզմ: Ըստ նրա,

լաբորատոր կենդանիների` առնետների, մկների հետ աշխատող անձինք էլ նույնպես հակված են ալերգիաներ ունենալուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031