Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժումը հետեւողական է լինելու արդարության հարցում

Հուլիս 12,2013 14:46

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարեց «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժման ստեղծման մասին: Շարժումը, ըստ բանախոսի, կուսակցական չէ: Շարժման հիմնական նպատակը գործով արդարադատության հասնելն է եւ արդարադատությանն աջակցելն է:

«Հրաչ Մուրադյանն իսկական ազատամարտիկ էր, իր երկրին, իր պետությանը նվիրված մարդ: Մեր նպատակն է, որ բացահայտվեն եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն այս սպանության հիմնական մեղավորները, այս գործը նաեւ լինի վստահության սկիզբ մեր արդարադատության հանդեպ: Ինչպես նաեւ ամբողջական եւ հավուր պատշաճի ներկայացնենք Հրաչ Մուրադյանի կերպարը, որը հասարակության արթնացմանը կարող է նպաստել»,- ասաց Աղվան Վարդանյանը: Մեր բնակչության մեծ մասը անվստահություն ունի պետական ինստիտուտների եւ արդարադատության հանդեպ, որպես ընդդիմադիր ուժի, թվում է, թե սա ՀՅԴ-ին պետք է ձեռնտու լիներ, բայց պարոն Վարդանյանը կարծում է, որ այդ իրավիճակը «ամենամեծ դավադրությունն է անկախության եւ անկախ պետականության նկատմամբ»:

Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել նաեւ այլ իրավապաշտպան կառույցների հետ: Ասուլիսին ներկա էին տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը: «Ուզում ենք, որ հասարակական ակտիվությունը մղի մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ավելի ազատ ու ակտիվ լինեն»,- ասաց Աղվան Վարդանյանը`հավելելով, որ նման կարգի սպանություններն իրականում պետք է ցնցեն հասարակությանը, եթե այդ հասարակությունն ապրում է որոշակի արժեքներով եւ սկզբունքներով:

Կիրակի արդեն Պռոշյանում գյուղապետի ընտրություններ են, որոնց նախապատրաստական ընթացքը բավականին լարված էր ու մամուլում արդեն բազմաթիվ ահազանգեր եղան տարբեր տեսակի ուղղորդումների եւ միջամտությունների մասին: Այս առիթով լրագրողների հարցերին Վարդանյանը չցանկացավ պատասխանել, ասաց, որ այս ասուլիսի շրջանակներում քաղաքական թեմաներից չի խոսելու: Ասաց, որ իրենք համենայնդեպս փորձել են ամեն ինչ անել, որպեսզի Պռոշյանում նորմալ ընտրություններ կայանան ու լարվածությունը թուլանա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ներկայացուցիչները Հրաչ Մուրադյանի սպանության գործով հանդիպել էին ոստիկանապետի հետ եւ հավաստիացումներ ստացել, որոնցից գոհ էին: Համենայնդեպս, լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն այդպես ասաց: Aravot.am-ի հարցին`շարժման ստեղծումը արդյոք այս վստահության նվազման արդյո՞ւնք է, Աղվան Վարդանյանն ասաց, որ վստահություն կլինի միայն այն ժամանակ, երբ գործն ամբողջովին կբացահայտվի եւ բոլորը վստահ կլինեն, որ հենց կատարողներն են պատժվել: Բայց քանի որ մեր երկրում տիրող իրավիճակն ու բարքերը բոլորս էլ լավ գիտենք, Վարդանյանն ասաց, որ այդ պատճառով պետք է հետեւողական լինել եւ պայքարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031