Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանում ԵՄ կառուցելու» նպատակը կենսական նշանակության է

Հուլիս 12,2013 14:27

ԵՄ Ասոցացման համաձայնագիրը լրացուցիչ գործոն է բացառելու տարածաշրջանում նաեւ ռազմական գործողությունների բռնկումը

Ավարտվեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայաստանյան այցը: Նա հանդիպեց Հայաստանի իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ:

Ֆյուլեն խորհրդարանական չորս խմբակցությունների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» ու «Ժառանգության» հետ հանդիպմանը իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ Ռուսաստանն Ադրբեջանին վերջին շրջանում 1 մլրդ դոլարի զենք է վաճառել, սակայն հանդիպմանը կողմերն այս հարցում որեւէ եզրակացության չեն եկել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՅԴ-ից:

Առհասարակ, հետաքրքիր մարտավարություն են ընտրել մեր խորհրդարանական ուժերը… Բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու քաղաքականության փաստի առիթով մեր խորհրդարանական ուժերը որեւէ հայտարարություն չարեցին, որեւէ քննարկում չկազմակերպեցին, որեւէ պահանջ ու առաջարկ չներկայացրին Հայաստանի իշխանություններին, ինչու չէ՝ ռուսական կողմին: Քաղաքական ուժերի պասիվությունից տպավորություն է ստեղծվում, որ կամ ռազմավարական դաշնակիցը զինում է Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հաշտություն կնքելու նպատակով, կամ էլ նրանք լռում են, որպեսզի չխոչընդոտեն Ռուսաստանի ռազմական «բիզնեսից» ստացվող շահույթին… Իսկ այժմ պարզվում է՝ եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպմանն են խորհրդարանականները այդ թեման բարձրացնում:

Ինչեւէ, եթե գնահատենք Ֆյուլեի հայաստանյան այցը, ապա այն կարելի է հաջողված համարել՝ հնչեցրած մեսիջների առումով: Ֆյուլեն նախ վստահություն հայտնեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի, եւ կհաղթահարվեն մեկ-երկու խնդիրները, որոնք առայժմ համաձայնեցված չեն հայկական կողմի եւ ԵՄ-ի միջեւ: Վստահաբար ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ հանդիպումներում հայաստանյան իշխանությունները վերահաստատել են համապատասխան բարեփոխումներն իրականացնելու իրենց պատրաստակամությունը, իսկ ԵՄ պաշտոնյան Երեւանում չթաքցրեց, որ «լավատես է»:

Վերջին ամիսներին ամենակարեւոր հարցերը՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունները ճնշումների ենթարկվո՞ւմ են, եւ արդյոք Հայաստանի առջեւ դրվա՞ծ է «կամ-կամ»-ի ընտրության պահանջ, ստացան իրենց պատասխանները: Ասոցացման համաձայնագիրը ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունները խոչընդոտելու նպատակ չունի եւ չի սահմանափակի Հայաստանի հնարավորությունները: «Ոչ, ընդհակառակը՝ մենք մոտեցումներ ենք մշակում, որպեսզի գործընկերների հետ հարաբերությունների դաշտը լինի ներդաշնակ»,- ասաց Ֆյուլեն՝ ընդգծելով, որ, օրինակ, առեւտրի ազատականացման շրջանակներում գործընկերների հետ  օրենսդրության համապատասխանեցումը նպատակ ունի քանդել երկու տարբեր ինտեգրացիոն համակարգերի միջեւ առկա պատը: «Չեմ կարող արտահայտվել կամ մեկնաբանել՝ ճնշում տեսնո՞ւմ եմ, թե՞ ոչ Ռուսաստանի կողմից, դուք ինձ ասեք՝ ճնշում կա՞, թե՞ ոչ։ Ես լուրերին հետեւում եմ, գազի գնից տեղյակ եմ, Ադրբեջանի սպառազինությունից՝ նույնպես, բայց կարող եմ միայն ասել, որ մեր հարաբերություններում մեր գործընկերների հետ ճնշում հասկացությունը տեղ չունի, մեր հարաբերությունները կառուցում ենք այն սկզբունքով, որ բոլորի համար հաղթական արդյունքի հիման վրա իրականացվի»,- նկատել էր Ֆյուլեն:

Եվրոպացի դիվանագետի հայտարարությունների տողատակերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի՝ Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակը եվրոպացիները խոչընդոտ չեն համարում։ Միակ խնդիրը իրական բարեփոխումները կյանքի կոչելն է, եւ այդ դեպքում 2014-20 թվականներին նրանք ֆինանսական օժանդակություն կհատկացնեն այն երկրներին, ովքեր Ասոցացման համաձայնագրի շրջանակներում չեն շեղվի իրենց պարտավորություններից:

Այսօր կարող ենք հստակ արձանագրել, որ ի տարբերություն ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, որը վերջին ամիսներին Հայաստանի հասարակությանը, մեղմ ասած, ոչ հաճելի անակնկալներ է մատուցում՝ սկսած գազի սակագնի բարձրացումից մինչեւ ռազմատենչ Ադրբեջանին էլ ավելի զինելու իր քաղաքականությունը, եվրոպացիների առաջարկած փաթեթը՝ Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու գործում, ինչպես Ֆյուլեն է Երեւանում նշել՝ «Հայաստանում Եվրամիություն կառուցելու» նպատակ ունի:

Ընտրությունը մերն է:

Հայաստանը Վրաստանի հետ դեպի համամարդկային արժեքների հաստատում գնալու հստակ հնարավորություն ունի: Դեպի ԵՄ Ասոցացման համաձայնագիր ճանապարհը նաեւ տարածաշրջանում լրացուցիչ գործոն է՝ մեծացնելու խաղաղության, կայունության, անվտանգության հասնելու գործիքները, եւ լրացուցիչ գործոն է դառնալու՝ բացառելու շահերի բախման կիզակետում գտնվող Հարավային Կովկասում նաեւ ռազմական գործողությունների բռնկման հնարավորությունը: Իսկ նման հնարավորությունները, ցավոք, ոչ թե նվազում, այլ մեծանում են:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031