Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ Շտեֆան Ֆյուլեի ասածն ավելի մոտ է ճշմարտությանը
Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Երեւանում կարծես թե վերջ դրեց բոլոր այն խոսակցություններին, որ գնալով Հայաստանի վրա ճնշումները կավելանան՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ստեղծվելիք Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մտորումների հետ: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ պարոն Ֆյուլեն հավաստիացրեց, որ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի առաջ որեւէ սահմանափակում չի դնելու հարեւանների հետ իր հարաբերությունները շարունակելու հարցում. «Եթե հարցը դնենք ուղիղ՝ արդյոք Ասոցացման համաձայնագիրը սահմանափակելո՞ւ է այլ պետությունների հետ շփումները, ապա ասեմ՝ ոչ»: Հանձնակատարը նշեց, որ իրենք հստակ ասում են իրենց գործընկերներին, որ քաղաքակրթությունների որեւէ խնդիր չկա. «Այսինքն՝ դուք չպետք է ընտրեք՝ ում հետ համագործակցեք, մենք երբեք չենք ասել՝ դադարեցրեք այս տիպի հաղորդակցությունը ռուս գործընկերների հետ, հակառակը՝ ասել ենք, որ որեւէ պարտավորություն արեւելյան գործընկերության շրջանակներում, որեւէ բացասական ազդեցություն չի կարող լինել ավանդական երկրների հետ: Նույնը ասում ենք Մոսկվայում եւ այլուր, երբ խոսում ենք ռուս բարեկամների հետ, ում հետ ունենք լավ հարաբերություններ եւ աշխատում ենք առեւտուրը ամրացնել: Ինչո՞ւ պետք է մեր գործընկերներից որեւէ մեկի հետ այս դիրքորոշումը դրսեւորենք»:
Պարոն Ֆյուլեի այս հայտարարությունը ուղիղ հաստատումն էր պաշտոնական Երեւանի դիրքորոշման. «Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքի վրա, եւ այստեղ հակասություններ չկան»:
Սակայն մի հետաքրքիր դետալ էլ կա. վերջին շրջանում տարբեր եվրոպացի չինովնիկների կողմից հայտարարություններ հնչեցին այն մասին, որ Հայաստանը պետք է հստակություններ մտցնի իր արտաքին կողմնորոշումներում, եւ որ «կամ-կամ»-ի ընտրությունն անխուսափելի է: Ոչ վաղ անցյալում նման հայտարարությունների վերջին դիվանագիտական ակորդը հնչեցրեց Լեհաստանի նախագահը՝ իր երկիր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կատարած պաշտոնական այցի ժամանակ՝ ուղիղ տեքստով խոսելով կողմնորոշման անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս ընկալել կամ մեկնաբանել այս հակասությունները՝ «Առավոտի» հարցին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ պարոն Ֆյուլեի ասածն ավելի մոտ է ճշմարտությանը: «Նա Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով պատասխանատու անձն է, ուստի ինքն ավելի լավատեղյակ է»,- բացատրեց քաղաքագետը՝ հավելելով, որ եվրոպացի չինովնիկը նաեւ լավ գիտե, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայիս համագործակցությունը չի հակասում այն հարցերին, որոնք կան ԵՄ Ասոցացման համաձայնագրում: «ԵՄ ասոցացման համաձայնագիրը ռազմավարական փաստաթուղթ չէ, կապված չէ մեր ռազմական անվտանգության խնդիրների հետ: Այն ենթադրում է առեւտրատնտեսական հարաբերություններ, վիզային ռեժիմի դյուրինացում, կառավարման համակարգի բարելավում, պայքար կոռուպցիայի դեմ: Այսինքն՝ այդ երկու համագործակցություններն իրար չհակասող են: Ու քանի որ Շտեֆան Ֆյուլեն ի պաշտոնե լավատեղյակ է այս մանրամասներին, նա չի սրում, ասում՝ կամ-կամ»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետի կարծիքով՝ այլ հարց է, եթե ԱՊՀ շրջանակներում Հայաստանը միանա մեկ պայմանագրի, որի անունն է՝ Մաքսային միություն. «Մաքսային միության խաղի կանոնները, իրոք, չեն համապատասխանում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին, որը Հայաստանը նախատեսում է ստորագրել: Բայց Հայաստանը Մաքսային միության անդամ չէ, ուստի այստեղ հակասություններ չկան»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ