Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարկայինը մարզի կայացած գործարարին «ոչնչացրել է»

Հուլիս 12,2013 14:24

Արթուր Մարդանյանը դրսում աշխատել, փող է հավաքել ու եկել Իջեւանում բիզնես է դրել, բայց հարկայինը օդից 67 միլիոն դրամի ակտ է գրել, որից փորձաքննությունների բյուրոն 60 միլիոնը անհիմն է համարել: Սակայն դատարանը բյուրոյի փաստաթուղթը հիմք չի ընդունել:

Արդեն 4 տարի է՝ հարկայինի եւ դատարանների կամայականությունների պատճառով Արթուր Մարդանյանը չի կարողանում մեծ ջանքերով ստեղծած իր ընկերությունն աշխատեցնել: Արթուր Մարդանյանը, կարելի է ասել, այն եզակի հայ գործարարներից է, որ Ռուսաստանում եկամտաբեր աշխատանքը թողել, ռիսկի է գնացել՝ վերադարձել է Հայաստան՝ բիզնես սկսելու համար: Ռուսաստանում տարիներով աշխատելով, տանջանքներով պարոն Մարդանյանը գումար է կուտակել, հետո՝ 2000 թվականին, վերադարձել է հայրենի Իջեւան եւ բիզնես դրել. նրա հիմնած «Ռուբին» ընկերությունը առաջիններից է, որը մեր երկրում սկսեց բջջային կայաններ կառուցել Երեւանում եւ մարզերում:

«Ռուբինի» սեփականատիրոջ գործերը լավ էին գնում՝ 30 աշխատատեղ էր բացել, տարեկան 8 միլիոն դրամ իջեւանցի եւ հարակից գյուղերի զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձն էր վճարում, ով ինչ խնդրանքով դիմում էր, պարոն Մարդանյանը չէր մերժում. «Բա հայ ենք, իրար չօգնե՞նք»:

5-6 տարի առաջ սկսվեց հարկայինի «տեռորը», ու ինչպես պարոն Մարդանյանն ասաց՝ չի հասկանում՝ քաղաքակա՞ն ենթատեքստով է, թե՞ հարկայինի մեծ ախորժակի պատճառով: «Առավոտի» հետ զրույցում գործարարը պատմեց, որ 2007 թվականին իրենց ներքին աուդիտով պարզել են, որ 7 միլիոն դրամ պետք է հարկ վճարեն, մինչդեռ Իջեւանի հարկայինի տեսուչներն էլ այլ թիվ են գրել. «Ասացին՝ 17 միլիոն պիտի գրենք, խախտում ես արել, ես էլ ասացի՝ նման բան չկա, տեսուչներն էլ՝ բա ձեռք բերված գույքի հարկը 10% պիտի հաշվարկեիր, ոչ թե 3: Իսկ օրենքով 3% է, եւ ես ճիշտ էի հաշվարկել, պարզապես պատրաստվում էի «ԱրմենՏելի» մրցույթին մասնակցել եւ չուզեցի ավելորդ խնդիրների մեջ ընկնել, վճարեցի այդ գումարը»:

Բայց տարեցտարի հարկայինի տեսուչների ախորժակը մեծանում էր: Պարոն Մարդանյանի պատմելով՝ 2008 թվականի ստուգման արդյունքում էլ տեսուչները 29 միլիոն դրամի ակտ են գրել. «Ասացի՝ ախր եղած-չեղածն էլ ծախեմ՝ չեմ կարող էդքան մուծել, ու մանավանդ, որ իրենք անհիմն թվեր են գրել: Ասացին՝ մեկ ա, դատի էլ տաս, կընկնես դատական ճահճի մեջ ու վաբշե տակից դուրս չես գա: Ախր, էդ տեսուչները ամեն տարվա վերջ գալիս էին, թե՝ 5 միլիոն պակասորդ ունենք, ինչ կլինի մի էդքան գերավճար արա, ես էլ մտածում էի՝ շառից-փորձանքից հեռու, վճարեմ, մենակ թե աշխատենք»: Բայց 29 միլիոնի ակտը պարոն Մարդանյանը բողոքարկել է, եւ վարչական դատարանը հարկայինի որոշումն անվավեր է ճանաչել, բայց դե, ՊԵԿ-ն այդպես հեշտ հրաժարվողը չէր այդ գումարներից, եւ դիմել է Վճռաբեկ դատարան: Եվ մինչ Վճռաբեկը կքններ ՊԵԿ-ի հայցը, այդ ընթացքում հարկայինը ՀՀ վարչապետի հատուկ որոշմամբ՝ վերստուգում է սկսել. «Ամեն ընտրություն ինձ համար կատաստրոֆա էր, արդեն գիտենք, որ ընտրություններից հետո հեսա գալու են ու թվեր կրակեն: Ես էլ 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանի շտաբի պետն էի Իջեւանում, հետո ինձ իշխանությունները «սեւ ցուցակի» մեջ գցեցին՝ իբր պետության համար վտանգ ներկայացնող: Բայց ես էդ պատմություններից հետո այլեւս քաղաքականությամբ չէի զբաղվում, ու ամբողջովին բիզնեսին էի տրվել: Իսկ տեսուչներն ամեն անգամ գալիս էին ու ասում՝ դե, դու մեր նախարարի աչքի տակ ես՝ էդ «սեւ ցուցակում ես» եւ այլն: Ես միշտ բարեխիղճ հարկատու եմ եղել, երբեք չեմ ուշացրել, ամեն ինչ օրենքի սահմանում ու լրիվ մաքուր եմ աշխատել: Քանի որ «ԱրմենՏելի» հետ էր մեր պայմանագիրը, «Օրանժի» հետ էլ ենք աշխատել, միշտ պարտաճանաչ ենք եղել ու հատկապես՝ հարկային վճարների մասով, որովհետեւ եթե մի թեթեւ խախտում անեի, պատվերներից կզրկվեի՝ ամեն անգամ պատվերից առաջ փաստաթուղթ էի ներկայացնում, որ պարտք ու պահանջ չկա հարկայինին»:

Այս բարեխիղճ գործարարին, արդեն վարչապետի «թեթեւ ձեռքի» ստորագրությամբ, վերստուգման արդյունքում 67 միլիոն դրամի ակտ են կազմում, ընդ որում՝ ակտը ստորագրել են հարկայինի 5 աշխատակիցներ, մինչդեռ ընդամենը 2 տեսուչ են ամբողջ ստուգումն իրականացրել: Եվ երբ Արթուր Մարդանյանը ստուգումն ավարտելուց հետո հետաքրքրվել է արդյունքներից, տեսուչները ոչինչ չեն ասել, հետո փոստով «անակնկալ են» ուղարկել՝ 67 միլիոն հարկային պարտավորությունների մասին, նախորդ 2 ակտերն էլ իրար գումարած ու տույժ-տուգանքների տեսքով. «Նույնիսկ տարրական թվաբանություն չգիտեն տեսուչները, այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ թիվ է պետք եղել՝ գրել են: Վերջնական թվից հանում էինք տարբեր մասով կազմած ակտերի թվերը, էդ 67 միլիոնից քիչ ա անում՝ 64 միլիոն էր անում»:

1 տարուց ավելի տեւում է այս դատական գործընթացը, եւ այդ ամբողջ ընթացքում թեեւ վարչական դատարանը հարկայինի տեսուչներին հրավիրել էր դատարան՝ մի շարք հարցերի պատասխան ստանալու համար, բայց, ինչպես վստահեցրեց պարոն Մարդանյանը, երբեք հարկայինի որեւէ տեսուչ ներկա չի եղել: Ընդ որում, փորձաքննությունների ազգային բյուրոն էլ ուսումնասիրել է այդ 67 միլիոնի ակտը, հիմնավորել, որ միայն 7 միլիոն դրամ պետք է վճարի «Ռուբին» ՍՊԸ-ն: Պարոն Մարդանյանի պատմելով՝ «Ես նույնիսկ այս եզրակացության հետ համաձայն չէի, բայց բյուրոյի փորձագետն ասաց՝ չեմ կարող զրոյացնել, հարկայինը մեզ հետ կռվում ա, թե՝ «ջրում» եք մեր ակտերը: Մի հատ էլ փորձաքննություն արդարադատության նախարարությունն է արել ու հարկայինի ակտի չափն էլ ավելի պակասեցրել: Բայց ոնց հասկանում եմ էս դատական պրոցեսից ու դատավորների վերաբերմունքից՝ կամայական վճիռ կկայացնեն: Դատարանում հարկայինի իրավաբանին դատավորը հարցրեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, որ 2 փորձագիտական հիմնավորումները չեն համապատասխանում ձեր ակտին, իրավաբանն ասաց՝ նման բան չկա, մեր ակտը չի փոխվել: Այսինքն՝ հարկայինի իրավաբանն ակնհայտորեն ստեց դատավորին, իսկ դատավորի առջեւ դրված էին փորձագիտական եզրակացությունները, ու մի հատ չասաց՝ հարգելի իրավաբան, դուք ստում եք, կամ հեսա՝ փաստաթղթերն ինձ մոտ են: Չնայած դեռ վճիռը չի կայացվել, բայց ես էլ ի՞նչ կարծիք այս դեպքում պիտի կազմեմ, պիտի կասկածեմ, որ դատարանն արդար չէ»:

2010 թվականից «Ռուբին» ՍՊԸ-ն դադարեցրել է իր գործունեությունը, քանի որ հարկային տեսուչների կամայական ու անհիմն ակտի պատճառով ընկերությունը չի կարող մասնակցել մրցույթների. ընկերության աշխատակիցների մեծ մասը, որոնք մարզի բնակիչներ են, դարձել են գործազուրկ, բացի այդ, տասնյակ ուսանողներ ու անապահով ընտանիքներ զրկվել են «Ռուբինի» բարեգործությունից:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Օրը ցերեկով խայտառակություն: Դրա համար մարզերում այդ վիճակն է:

    ՀՀԿ-ական ռեժիմին պետք են դրսի հայերի ՄԻԱՅՆ ՓՈՂԵՐԸ: Իրենց Հայաստանում ապրող կարող/անկախ հայ պետք չէ:

    Ականջդ կանչի -ԱՍԱԼԱ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031