Նախկինում հայտնել ենք, որ հուլիսի 7-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոգազալիցքավորման կայանի վրա որսորդական հրացանից կրակոցներ են արձակվել:
Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ հուլիսի 11-ին, ժամը 17-ին կամովին ոստիկանության Դիլիջանի բաժին է ներկայացել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 1979թ. ծնված Արագած (Արգո) Արարատի Թամրազյանը: Արագած Թամրազյանը Թեղուտի գյուղապետի որդին է: Նա ոստիկանություն է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տավուշի մարզի դատախազը չցանկանալով նախաքննության գաղտնիքներ հայտնել, ասաց, որ կատարված հանցագործությունը կապ չունի ոչ Դիլիջանի ավտոգազալիցքավորման կետի տեր, ԱԻՆ պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանի, ոչ էլ գազալիցքավորման կայանի հետ:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով («Ուրիշի գույքը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել»):
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ