Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանենիների այգին կացնահարածին չեն գտնում

Հուլիս 12,2013 14:17

4-2-2Սուրենավան համայնքում հատված 130-ից ավելի ծիրանենիները մի գիշերում ոչնչացրել էին, սակայն մինչ օրս հայտնի չէ՝ ով է ծառերի սպանդը կազմակերպել

Անցյալ տարվա հունվարի 4-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում մի ամբողջ ծիրանենիների այգի հատվեց: Անհայտ անձինք քոքից կտրել էին 130-ից ավելի ծիրանի ծառեր ու դրանք թողնելով կիսականգուն վիճակում՝ հեռացել:

Սուրենավանի բնակիչ Արմեն Ալաջանյանը, որին է պատկանում ծիրանենիների այգին, «Առավոտի» հետ զրույցում պատմեց. «Չարագործները բոլոր ծառերը մեկ առ մեկ կտրել են ու այնպես արել, որ առաջին հայացքից որեւէ մեկը չնկատի, թե ծառերը հատված են: Ծառին մոտենալիս եւ դիպչելիս է միայն պարզ դարձել, որ դրանք անկենդան են. ծառերը մեկը մյուսի հետեւից տապալվել են գետնին: Նրանք միտումնավոր էին ծառերը թողել կանգնած, որ որեւէ մեկը հեռվից չնկատի, որ դրանք հատված են»:

Արմեն Ալաջանյանի խոսքերով՝ մեկ հեկտարի վրա գտնվող ծիրանենիներն արդեն 6-7 տարվա ծառեր էին եւ այս տարի արդեն պետք է բերք տային: Բացի այդ, գործազուրկ Ալաջանյանի միակ զբաղմունքը հայրենիքում եղած ժամանակ հողագործությունն է եղել եւ ծիրանի ծառերը տնկել է հայրենի գյուղում ինչ-որ գործ սկսելու ակնկալիքով: Սակայն, ինչպես ինքն է ասում, այդպես էլ չի հասցրել պտուղները վայելել:

Թե ինչո՞ւ են այգին այդպես անխնա ոչնչացրել՝ ո՛չ այգու սեփականատերը, ո՛չ էլ նրա համագյուղացիները չեն հասկանում. «Չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է վերցնել եւ ամբողջ այգին ոչնչացնել, նման վանդալիզմի ով է ընդունակ,  դա նույնն է, որ երեխան սկսի քայլել ու վերցնես ոտքերը կտրես: Այդպիսի դաժան համեմատություն եմ անում, որ չարագործները հասկանան, թե ինչ ցավ են պատճառել ինձ ու նոր-նոր ոտքի կանգնող այգուս»:

Արմեն Ալաջանյանը, որը ներկայում բնակվում է Բելգիայում, չի բացառում, որ իր այգու հետ այդպես են վարվել իր քաղաքական ընդդիմադիր հայացքների համար:

«Առավոտի» հետ հեռախոսազրույցում Արմեն Ալաջանյանն ասաց, որ հենց այդ ճնշումների պատճառով էլ ինքը հեռացել է Հայաստանից եւ չի վերադառնա այնքան ժամանակ, մինչեւ որ իր կյանքի համար այլեւս վտանգ չներկայացնի իր քաղաքական դիրքորոշումը. «Երեւի որ մնայի, մի օր էլ ինձ մի տեղից գտնեին»:

Սպանդի ենթարկված այգու վերաբերյալ գործը գտնվում է Վեդիի ոստիկանությունում: Մինչ օրս, Արմեն Ալաջանյանի խոսքերով, որեւէ նորություն չկա, եւ հանցագործությունը բացահայտված չէ:

Երեկ «Առավոտը» ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է Սուրենավանի ծիրանենիների գործը:

«Գործը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, բայց օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվելու են»,- մեր հարցերին ի պատասխան՝ հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031