Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են դադարեցնում փախստականի կարգավիճակը

Հուլիս 12,2013 14:14

6Որպեսզի գրավոր ցույց տան, որ մենք փախստականներ չունե՞նք

«Հայաստանի կառավարությունը զլանում է տրամադրել անձնագրեր այն փախստականներին, ովքեր ծնվել են 1989թ. Հայաստանում: Ծնվելով Հայաստանում` այդ անձինք կրկին վերադարձել են Ադրբեջան, իսկ հետագայում բռնագաղթվել այդտեղից Հայաստան: Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը: Նրանք պարզապես դադարեցնում են փախստականի կարգավիճակը եւ հաշվի չեն առնում, որ կա իրավունք, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես ընտանեկան միասնության իրավունք: Ասել է, թե դա այն վիճակն է, որ ընտանիքը պետք է մնա փախստականի կարգավիճակում, որպեսզի, եթե ծնողները ցանկանան, ապա կարողանան իրենց համար քաղաքացիություն ընտրել այն երկրում, որտեղ հաշվի կառնեն իրենց ընտանիքի միասնության իրավունքի պաշտպանությունը: Արդյունքում` ՀՀ կառավարությունը դադարեցնում է փախստականի կարգավիճակը եւ ընտանիքի անդամներին կանգնեցնում փաստի առաջ»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց բաքվեցի համերկրացիների «Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը: Կազմակերպության նախագահը երկար տարիներ է, որ շարունակ բարձրացնում է փախստականների կարգավիճակը դադարեցնելու անթույլատրելի նորմի մասին խնդիրները: Նա շեշտեց, որ փախստականների կարգավիճակը դադարեցնելով՝ ոչ ոք իրավասու չի կարող լինել ստիպել փախստականին՝ ձեռք բերել որեւէ երկրի քաղաքացիություն եւ հատկապես այն դեպքում, երբ քաղաքացիություն ընդունելով՝ փախստականի առօրյայում ոչինչ չի փոխվում` բացի կարգավիճակից: Ռոբերտ Խաչատրյանն արձանագրեց, որ կա ցուցակ, որտեղ ներկայացված են փախստականների անուններ, որոնց կարգավիճակը դադարեցվել է վերջին շրջանում. «Նրանց թիվը հասել է 158-ի: Երիտասարդները ոչ կարողանում են աշխատել, ոչ բժշկական օգնություն ստանալ, ոչ դուրս գալ երկրից: Մնացել են առանց անձնագրի եւ այդպես էլ շարունակում են ապրել, իսկ երբ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի մոտ բարձրացնում ենք այդ հարցը, ապա նա պատասխանում է, որ դա իրենց խնդիրը չէ: Անձնագիր չունենալու հետեւանքով կտրել են արդեն «Փարոսից»: Սա կոչվում է ուժի գործադրում, որի միակ նպատակն է, որ բոլոր փախստականներն ընդունեն Հայաստանի քաղաքացիություն»: Ըստ «Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահի` Հայաստանի կառավարությունը մսխել է բոլոր այն գումարները, որոնք տրամադրված են եղել փախստականներին՝ բնակարաններով ապահովելու համար: Նա հայտնեց տեսակետ, որ միգուցե փախստականներից յուրաքանչյուրի անունով վաղուց կան տներ, իսկ այդ մասին ոչ ոք տեղեկացված չէ: Ռոբերտ Խաչատրյանը խոսեց նաեւ ՄԱԿ-ի ղեկավարության գործունեության մասին եւ հայտնեց, որ իրենք իրենց հերթին բոլորովին անտարբեր վերաբերմունք են դրսեւորել 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների նկատմամբ, որտեղ այդ հարցերը բազմիցս բարձրաձայնվել են. «ՄԱԿ-ը լռում է: Երեք տարին մեկ գալիս են եւ իբր տեղեկանում են, թե ինչ աշխատանքներ է կատարվել, իսկ հետո իրենցից գոհ հեռանում են` այդպես էլ բոլոր խնդիրներն անլուծելի թողնելով: Բազմիցս գրել եմ կազմակերպության անունից, սակայն քար լռություն է եւ ոչ մի պատասխան չկա»: Զրույցի վերջում Խաչատրյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը ձեռնամուխ է եղել այդ հարցի բարձրացմանը եւ ջանքեր են գործադրում, որպեսզի փախստականների լայն զանգվածի նկատմամբ սկսված անօրենությունները վերջ դրվեն ու վերջապես փախստականներին տրամադրեն իրենց կարգավիճակը եւ թողնեն, որպեսզի իրենք որոշեն, թե իրենց որ երկրի քաղաքացիությունն է պետք եւ երբ: «Ամբողջ խնդիրն այն է, որ դադարեցրել են փախստականների կարգավիճակն այն պատճառով, որպեսզի գրավոր ցույց տան, որ մենք փախստականներ չունենք: Իրականում բազմաթիվ փախստականներ 25 տարի շարունակ ապրում են հանրակացարանային գորշ պայմաններում եւ պետական այլ հիմնարկներում: Քաղաքացիություն ստանալով` փախստականը բնակարան ձեռք չի բերում, իսկ հիմնարկներում կամ 25 տարի շարունակ վարձակալությամբ ապրել չի կարող: Այս ամբողջ գործողության, խախտումների միակ տրամաբանությունն այն է, որ ամեն փախստականի դիմաց ժամանակին տրամադրվել է օգնություն, սակայն դա տեղ չի հասել, այլ մսխվել է»,- «Առավոտի» հետ զրույցի վերջում իր մտահոգությունն արտահայտեց Ռոբերտ Խաչատրյանը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարներում` բաքվեցի համերկրացիների «Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահն է եւ նրա գրությունները՝ ուղղված կառավարությանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Sarkissian says:

    Կասկածի անգամ նշույլ չկա, որ մեծ գումարներ են հատկացվել Ադրբեջանի հայ փախստականներին, և որ այդ գումարները գողացվել են բոլոր այն պաշտոնատար անձանց կողմից, որոնք այդ հնարավորությունը ունեցել են: Որոնց թվում և´ Գագիկ Եգանյանը, և´ Տիգրան Սարգսյանը և´ Սերժ Սարգսյանը, որովհետև առանց “պախանի” ոչ մի գողոն չի կարող յուրացվել: Իսկ ադրբեջանցիները հայտարարում են ամբողջ աշխարհով, որ 1 միլիոն փախստականներ ունեն Հայաստանից` չափազանցնելով թիվն, իհարկե: Ադրբեջանական “իսթաբլիշմենթը” մերից պակաս կաշառակեր ու հակաժողովրդական չէ, բայց այս դեպքում մերոնք, կարծես, նրանց գերազանցեցին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031