Ռեզո Չխեիձեի «Տիրոջ տապանի մոմը» ֆիլմից ընդգծված հայրենասիրություն է «ծորում» ու վրաց հողի հանդեպ՝ մոլեռանդ սեր
Օրերս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայացավ վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ծրագրի բացումը, «Մոսկվա» կինոթատրոնում էլ ցուցադրվեց նրա «Տիրոջ տապանի մոմը» ֆիլմը, որը մի քանի հեղինակավոր փառատոնի մրցանակակիր է: Հարցազրույցներից մեկում Չխեիձեն ասել է, որ ֆիլմը մարդկային բարձր իդեալների, հոգեւոր ու բարոյական արժեքների մասին է:
Հիմքում Նոբելյան մրցանակի դափնեկիր, շվեդ գրող Սելմա Լագերլյոֆի համանուն՝ «Տիրոջ տապանի մոմը» ստեղծագործությունն է: Իրականում գործողությունները կայանում են Վենետիկում եւ Երուսաղեմում՝ այլ ժամանակներում: Չխեիձեն, սակայն, գաղափարը ներմուծել է իր ֆիլմ ու անցքերն էլ տեղափոխել ժամանակակից Վրաստան: Գլխավոր դերում նկարահանվել է դերասան եւ ռեժիսոր Տորնիկե Զիավան, ֆիլմում զբաղված են այնպիսի ճանաչված դերասաններ, ինչպիսիք են Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան, Օթար Մեգվինետուխուցեսին, ֆիլմում հնչում է Գիա Կանչելիի երաժշտությունը:
Հիշեցնենք, որ «Զինվորի հայրը», «Մեր բակը», «Երկիր, քո որդին», «Այ քեզ երիտասարդություն», «Մայան՝ Ցխնետիից» եւ այլ ֆիլմերի ռեժիսորը դափնիների պակաս չունի, նա 1991-ին հրաժարվել է 1986-ին իրեն շնորհված Լենինյան մրցանակից:
Ցանկացած ազգի ներկայացուցչի մոտ Ռեզո Չխեիձեի «Տիրոջ տապանի մոմը» կարող է խանդ առաջացնել:
Ֆիլմից ուղղակի ընդգծված հայրենասիրություն է «ծորում» ու վրաց հողի հանդեպ՝ մոլեռանդ սեր, դրա համար էլ Չխեիձեն իր գլխավոր հերոսին թագավորական Բագրատիոնի ազգանունն է շնորհել, Վրաստանը ներկայացրել իբրեւ հնագույն քաղաքակրթության, ազնվականության օրրան, գինու հայրենիք, վրացիներին էլ՝ հնագույն քրիստոնյա ժողովուրդ:
Նորություն չէ, որ Երուսաղեմի եւ ընդհանրապես քրիստոնեական աշխարհի հնագույն սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն եւ Կաթոլիկ եկեղեցիները, մինչդեռ, ըստ Չխեիձեի ֆիլմի, վրացիների մեծագույն ներկայությունը կա Երուսաղեմում:
Նախանձելի հավակնոտություն՝ ի շահ սեփական ժողովրդի եւ կինոլեզվով սեփական հայրենիքի քարոզչություն: Ինչ խոսք, վրացիները գիտեն իրենց գրավիչ ներկայացնել: Օրինակ, Ստալինի մասին portal-kultura.ru-ին տված հարցազրույցում Չխեիձեն ասել է, որ պետք է ֆիլտրել վատը, եւ հիշել միայն լավ բաները, որ Ստալինն արել է Վրաստանի համար, ավելին, նրա համոզմամբ, Ստալինին պետք է հետ վերցնել ռուսներից: Չխեիձեի խոսքով, դեռ Չերչիլն ասել է, որ երկիրը կարող է զարգանալ եւ ուժեղ լինել՝ չկտրվելով պատմական արմատներից:
Ըստ նույն աղբյուրի, ճանաչված վրաց ռեժիսորը մեկ այլ՝ ոչ պակաս ամբիցիոզ հայտարարություն է արել. «Ամբողջ ռուսական կլասիկան՝ Պուշկինից մինչեւ Պաստեռնակ, կապված է Վրաստանի հետ: Վրացական կինոյում անվանի ՎԳԻԿ-ական ռեժիսորներ են, օրինակ՝ Սերգեյ Յուտկեւիչը իմ դասախոսն է եղել: Նա իր «Ռեժիսորի հակափաստարկը» գիրքը նվիրել է ռեժիսուրայի իր առաջին ուսուցիչ Կոնստանտին Մարջանաշվիլուն…Ուզում եմ ասել, որ Մարջանաշվիլին սովորեցրել է Յուտկեւիչին, Յուտկեւիչն էլ ինձ…»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ