Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակիչներն է՞լ են գողանում

Հուլիս 12,2013 13:40

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը զայրացած է

Վերջերս մեկնարկած «Արձակ 2013» հայաստանյան երրորդ մրցույթի կազմակերպիչներ «Անտարես» մեդիա հոլդինգի եւ «Գրանիշ» ամսագրի նպատակն անփոփոխ է՝ հայտնաբերել ու ներկայացնել նոր անուններ, մինչդեռ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը վրդովված ասաց. «Այսքան գործ ենք անում, որ աշխարհին թարգմանաբար ներկայացնենք մեր լավագույն գրողների ստեղծագործությունները, այնինչ Հայաստանում կարծես ամեն ինչ անում են, որպեսզի աշխարհի դռները փակվեն մեր հեղինակների առջեւ»:

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ է արվում, պարոն Մարտիրոսյանը պարզաբանեց. «Գողանում են… Հայաստանում կան բազմաթիվ հրատարակություններ, որոնք իրականացվել են հեղինակային իրավունքի խախտումով: Մինչդեռ հեղինակային իրավունքի մասին Բեռնի կոնվենցիայում «գողություն» բառը շեշտված է «հեղինակային իրավունք» արտահայտությունից հետո՝ փակագծում: Իսկ եթե կատարվում է գողություն, սրանից հետեւում է, որ պաշտպանվողը պետք է դռները փակ պահի, ինչն էլ նշանակում է նաեւ դռները փակել օրինակարգ հրատարակիչների առջեւ: Այսօր բազմաթիվ արտերկրյա հրատարակչություններ հրաժարվում են հեղինակային իրավունքի լիցենզիա տրամադրել մեզ՝ զուտ այն բանի համար, որ հայաստանցի ենք»:

Ի՞նչ է գողացվում, ումի՞ց եւ ովքե՞ր են գողերը… Մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրինակ, վերջին շրջանում գողացել են Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», ինչը պետպատվերով հրատարակել է «Նաիրին»: Դրանից հետո էլ նույն գործը «արտադրել» են այլ հրատարակիչներ: Կամ «Նոր դարը» հրատարակեց Կնուտ Համսունի «Միստերիաները», «Ոսկան Երեւանցին» էլ՝ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» եւ այլն…»:

Հետաքրքրվեցինք՝ նման դեպքերում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ է առաջարկում «Անտարեսը»: Արմեն Մարտիրոսյանը նախ նշեց, թե ժամանակին մշակույթի նախարարի կողմից արված մի քանի քայլեր, իրենց ճշգրտությամբ ու հստակությամբ, հիացրել են իրեն, այդ թվում՝ երգիչների՝ ֆոնոգրամաներով հանդես գալը արգելելու մասին, կամ՝ երբ Հովհաննես Իշխանյանի գործով զբաղվում էր զինվորական դատախազությունը՝ պահանջելով նշել սեփական պատմվածքների հորինված հերոսների գտնվելու վայրը, նախարարը հանդես եկավ հօգուտ արվեստագետի, հայտարարելով, թե ցենզուրա չպետք է լինի: «Հիմա նույն նախարարից կուզեի լսել, որ նույն հստակությամբ հայտարարեր, թե մեկ լումա անգամ չի ծախսվի գողացված գրքերի հրատարակմանն աջակցելու նպատակով: Այստեղ աղետալին այն է, որ համաշխարհային գրականության մեծ մասը հայերեն թարգմանվում է ռուսերենից, իսկ երբ գեղարվեստական գրքի թարգմանությունը «ուղիղ» չէ, ապա այն կվինտեսենցիան, որ գրողն ուզում է փոխանցել այլազգի գրողին միջնորդ լեզվի առկայության դեպքում, տեղ չի հասնում: Արդյունքում գուցե ունենք բարձրակարգ գրականություն, բայց դա օրիգինալից շա՜տ հեռու է,- մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը, հավելելով,- նման գողությունների փաստը մշտապես պետք է գտնվի տնտեսական մրցակցության հանձնաժողովի դիտարկման դաշտում, քանի որ գողացող հրատարակիչը ունենում է ավելի մրցունակ շուկայական պայմաններ, քան վճարողը: Իսկ սա ոչ բարեխիղճ մրցակցության լավագույն արտահայտություն է, ինչն էլ կազմում է մեր տնտեսության աղետալի պայմանների անկյունաքարերից մեկը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031