Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարո՛ն նախարար, սպասում ենք Ձեր որոշմանը

Հուլիս 12,2013 13:35

Միասնական քննություններն ավարտվեցին, քննարկումները՝ նույնպես: Քննության ընթացքում նախարար Աշոտյանը խոստացավ, որ թեստերն իր հանձնարարությամբ կազմվել են համեմատաբար մեղմ, ու եթե անգամ վիճահարույց խնդիրներ լինեն, լուծումը կլինի դիմորդի օգտին:

Պարո՛ն նախարար, ուզում եմ հավատալ, համարյա վստահ եմ, որ Ձեր կողմից այդպիսի հանձնարարական եղել է, բայց դրանք միշտ չէ, որ կատարվում են:

Հայոց լեզվի եւ գրականության թեստերի շուրջ աղմուկից հետո ԳԹԿ-ում կազմակերպված քննարկումներից մեկի ժամանակ (ամբողջ ընթացքը Ձեր պահանջով տեսագրվում է) տիկին Մեյթիխանյանն ասաց, որ  նոր շտեմարանի առաջին մասում (էջ 138, առաջադրանք 21) փոփոխություն կլինի  («էրիկմարդ» բառը նշանակում է տղամարդ, ոչ թե ամուսին)՝ ելնելով Էդ. Աղայանի բացատրական բառարանից: Բացեցինք բառարանը, իսկապես այդպես էր բացատրված. ուղղեցինք՝ երեխաներին էլ այդ մասին ասելով: Քննության ժամանակ այս առաջադրանքին պատասխանած մեր դիմորդները պատժվեցին. ճիշտ էր համարվել թեստում եղած հին պատասխանը:

Մեր հանդիպումների ժամանակ տիկին Մեյթիխանյանը թողել էր իր հեռախոսահամարը: Երբ զանգահարեցի, ասաց, որ հիշում է եւ զարմացավ, որ պատասխանների մեջ ուղղում չի եղել: Զարմացած էր նաեւ տիկին Ա. Ջրբաշյանը: Որոշեցի զանգահարել նաեւ տիկին Միրցա Հալաջյանին, որ հայոց լեզվի եւ գրականության գլխավոր մասնագետն է ԳԹԿ-ում: Տիկինը հենց այդ քննարկմանը մասնակցում էր: Ասաց, որ կքննարկեն հարցը, բայց եթե պատասխաններում ուղղում չի եղել, ինչո՞ւ ենք մենք ուղղել: Ասացի, որ միայն այդ առաջադրանքում  չի եղել թերություն, եւ դեռ պատասխաններում շատ փոփոխությունների կարիք կա. չառարկեց:

– Եթե փոխենք, գիտեք՝ ինչ աղմուկ կբարձրանա (տիկին Միրցան է ասում):

– Ինչո՞ւ պիտի աղմուկ բարձրանա, Դուք հո չե՞ք իջեցնում մյուսների գնահատականները:

– Եկեք Դուք ինձ մի՛ ասեք՝ ես ինչ պիտի անեմ (եւ այնպիսի՜ տոնով):

Ես հեռախոսը անջատեցի: Ակամա հիշեցի, թե ինչպես էր համբերատար ժպտում տիկինը հեռուստատեսային հաղորդումների ժամանակ, ինձ հետ՝ ռադիո ՎԷՄ-ում թեստերի շուրջ բանավիճելիս (ես համաձայն չեմ, սիրելի՛ Անահիտ, մեր սիրելի ուսուցչուհին չգիտեմ ինչու չի ընդունում):

Տիկին Միրցա Հալաջյան, Դուք լավ մասնագետ եք, Դուք ցանկացած բանավեճի ժամանակ կարող եք Ձեր ասածը առաջ տանել՝ բոլոր տեսակի մտքերը մի լա՜վ «լղոզելով» սառը, դիվանագիտական շեշտադրումներով: Բայց մի բան մոռանում եք. մարդը պիտի նույնը լինի եթերում, եթերից դուրս, մարդկային հարաբերություններում, ու  մղումներն էլ ազնիվ ու բարոյական պիտի լինեն:

Եթե Դուք նախարարի պահանջից հետո (բոլոր հնարավոր լուծումները դիմորդի օգտին) կողքի եք դնում նաեւ Էդ. Աղայանի հեղինակավոր բացատրական բառարանը,  թեստերի պատասխանատու Մեյթիխանյանի ուղղումը՝ «Ես անկեղծ ասած տեսագրությունը չեմ նայել» ասելով, եւ հաշվի առնելով իմ ակտիվությունը՝ մտածում եք, որ նոր աղմուկ կբարձրանա տիկին Մեյթիխանյանի ու թեստերի շուրջ, ապա սխալվում եք:

Իմ նպատակը մեկն է: Առանց այն էլ բարդ ու հոգնեցնող թեստերի հետ կռիվ տված երեխաները պիտի հավատան, որ ճիշտը մեր երկրում կարող է իր համար ճանապարհ հարթել, եւ դրա   պատասխանատուն՝ կրթության գործի կազմակերպման դիրիժորը, իրենց կողքին է:

Մենք սպասում ենք Ձեր որոշմանը, պարո՛ն նախարար:

ԳԹԿ-ն որոշել էր անձամբ պատասխանել բոլոր բողոքարկած դիմորդներին՝ նրանց զանգահարելով: Նրանցից շատերը զայրացած են (խոսքս աշակերտի մասին է) առանց հիմնավորման ԳԹԿ-ի կայացրած որոշման պատճառով:

ԱՆԱՀԻՏ ՈՒԶՈՒՆՅԱՆ

87 դպրոցի ուսուցչուհի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031