Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ դատարան գնալը՝ կարելի կլինի դիմել արբիտրներին եւ միջնորդներին (Տեսանյութ)

Հուլիս 12,2013 13:23

Որպեսզի գործարարները եւ սպառողները ժամանակ եւ գումարներ չկորցնեն, սպասելով, թե երբ վերջապես դատարաններում իրենց գործերը քննելու հերթը կհասնի, Հայաստանի արդարադատության նախարարությունը նախաձեռնել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ներմուծել վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգը:

Իսկ ԱՄՆ-ն այդ հարցում կօգնի ֆինանսապես: Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ Վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որը նախաձեռնել էին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի Դի Եմ ՍԻ»), Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ ՀՀ արդարադատության նախարարությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը: Շատ տպավորիչ էր, որ ընդամենը տաս ամիս Հայաստանում իր աշխատանքը սկսած տիկին Հիլիարդը իր ելույթը սկզբից մինչեւ վերջ հայերեն կարդաց: Ընդ որում, ակնհայտ էր, որ նա տիրապետում է լեզվին եւ ոչ թե ուղղակի կարդում է դիմացը դրված թուղթը:

Տիկին Հիլիարդն անդրադարձավ ծրագրի կարեւորությանը, նշելով, որ վեճերի կարգավորման այլընտրանքային եղանակների ներդրմամբ՝ բավականին կհեշտանա գործարարների եւ սպառողների գործը, նրանք այլեւ ամիսներով չեն սպասի դատարաններում, թե երբ կլսվի իրենց գործը, այդ ընթացքում ժամանակ եւ գումար վատնելով, որը որոշ դեպքերում կարող է բերել անգամ բիզնեսի կորստի:

Նկատելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ցանկություն ունի այդ համակարգը ներդնելու, տիկին Հիլիարդն ասաց, որ ԱՄՆ կառավարությունը գնահատում է դա եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով կֆինանսավորի այդ համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Այդ շրջանակներում այսօրվա համաժողովին ներկա էին ԱՄՆ շրջանային դատավորներ եւ մի փաստաբան-արբիտր, որոնք իրենց փորձը ներկայացրեցին:

ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն իր հերթին նշեց, որ Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի ներդրումը նախարարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումների ծրագրի կարեւորագույն հանգուցակետերից  մեկն է: Այսօր մենք բացի դատարաններից, ունենք նաեւ Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, սակայն դա դեռ բավարար չէ: Այս համակարգով նախատեսվում է արբիտրաժի եւ միջնորդների ինստիտուտի ներդրումը:  Դատարանները բավականին կթեթեւանան, գործարարներն ու սպառողները կխնայեն  իրենց ժամանակն ու ֆինանսները եւ դրսի ներդրողները, որոնց համար խիստ կարեւոր է որեւէ երկրում վեճերի զարգացման այլընտրանքային եղանակների գոյությունը, ավելի վստահ կարող են գալ Հայաստան: Պարոն Կիրակոսյանի խոսքերով՝ բարեփոխումների ամբողջ փաթեթն արդեն մշակման փուլում է, եւ ժամանակի ընթացքում կներդրվի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031