Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ը խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները

Հուլիս 12,2013 12:44

2001 թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է Սև ցուցակ, որում հայտնվում են տեղեկություն տնօրինող այն մարմինների ղեկավարները, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցումները: Նախկինում անպատասխան մնացած հարցումների ցուցանիշը տատանվում էր 30-36 տոկոսի շրջանակներում։ Այսօր արդեն, երբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է շուրջ 10 տարի, ԻԱԿ-ի բազմաթիվ ուսուցումների, նախաձեռնած բազմաթիվ դատական գործերի, կազմակերպած հանրային իրազեկման քարոզարշավների արդյունքում այդ ցուցանիշն էականորեն բարելավվել է. 2012 թ.-ին ԻԱԿ-ի` անպատասխան մնացած հարցումների թիվը 2 անգամ կրճատվել է` նախորդ տարիների 35%-ի փոխարեն կազմելով 15.6%:

Անպատասխան մնացող հարցումների թվի կրճատման մասին է խոսում նաև ԻԱԿ-ի Սև ցուցակում հայտնված պաշտոնյաների թիվը. 2001 թ.-ին ԻԱԿ-ի Սև ցուցակում հայտնվել էր 40 պաշտոնյա, 2007-ին` 47 պաշտոնյա, 2011-2012 թթ.-ին Սև ցուցակում հայտնվածների թիվը համեմատաբար քիչ էր` 12 և 15 պաշտոնյա համապատասխանաբար: 2013 թ.-ի 1-ին և 2-րդ եռամսյակների Սև ցուցակներում արդեն հայտնվել է ընդամենը 1-ական պաշտոնյա:

Սա նշանակում է, որ խնդիր է առաջացել նաև վերանայել ԻԱԿ Սև ցուցակի հիմնական չափորոշիչները, քանի որ հիմնականում տեղեկություն ստանալու հարցումներին այս կամ այն կերպ պատասխան տրվում է։

Լուռ մերժումների թիվը կրճատվում է` փոխարինվելով մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով: Այսինքն, նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները և անպատասխան էին թողում տեղեկատվություն ստանալու հարցումը: Այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափողական, ոչ ըստ էության պատասխան:

Այս ամենը հաշվի առնելով` ԻԱԿ-ը 2013 թ.-ի հուլիսի 1-ից խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները. 2013 թ.-ի 3-րդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակում արդեն կհայտնվեն ոչ միայն ՏԱ հարցումներին չպատասխանած, այլ նաև տեղեկատվության տրամադրումն անհիմն մերժած կամ ՏԱ մասին օրենքով սահմանած 5-օրյա ժամկետը խախտած պաշտոնյաները:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031