Էս անխիղճ շոգը մի կողմից, Իշխան Զաքարյանի հարուցած խնդիրները` մյուս կողմից, ռուսական կողմից` ադրբեջանցիներին վաճառված «Սմերչն» ու այլևայլ խնդիրներն առավել խորհրդավոր ու անկանխատեսելի են դարձրել առանց այն էլ անկանխատեսելի մեր էս ամառային առօրյան:
Միակ մխիթարականն այն է, որ մեր վատ կանխատեսումները երբեմն իրականություն չեն դառնում: Օրինակ` էս տարվա կարկուտի ու էս տարվա ծիրանի հետ կապված: Ճիշտ է, կարկուտի ու ծիրանի հետ կապված արմավիրցիներից շատերը տուժեցին, բայց, ընդհանուր առմամբ, ժողովուրդն էս տարի էլ ծիրանից զուրկ չմնաց, ընդ որում` միանգամայն մատչելի գնով:
Ցավոք սրտի, մենք նույնիսկ տեսականորեն չենք կարող մյուս հարցերում լավատես լինել: Օրինակ, չենք կարող հույսեր փայփայել, որ առաջիկա ձմռանն առատ ու էժան գազ կունենանք: Նաև չենք կարող ենթադրել, որ ադրբեջանցիները ռուսներից «Սմերչը» գնել են, որպեսզի ոչ թե հայերին վերացնեն, այլ` պարսիկներին կամ, ասենք, իրենց եղբայր թուրքերին: Բայց պետք է խոստովանենք, որ մեր մտքով ամեն վատ բան անցնում էր` էս «Սմերչից» բացի, և չնայած մեջներիս ամենալավատեսներն ու ամենառուսամետներն իրենք իրենց ու մեզ փորձում են հուսադրել` համոզելով, որ տվյալ «Սմերչը» հնացած ու միանգամայն ժամկետանց է, մեջներիս ամենահավատավորներն անգամ դժվարանում են հավատալ, որ ադրբեջանցիք հնացած ու ժամկետանց զենքին կարող էին մեշոկներով փող տալ:
Եվ, դրանից էլ բացի, մեջներիս ռուսամետներն ու ռուսասերներն ինչքան էլ ռուսամետ ու ռուսասեր լինեն, ղարաբաղցիներից ավելի ռուսամետ ու ռուսասեր դժվար թե լինեն, մինչդեռ ղարաբաղցիք, ի դեմս Արթուր Աղաբեկյանի ու այլոց, նույն այդ «Սմերչի» վերաբերյալ միանգամայն լուրջ ահազանգեր են հնչեցնում` վստահեցնելով, որ տվյալ զինատեսակը հատուկ խաղաղ բնակչության դեմ է նախատեսված: Այս իմաստով մեր միակ հույսն այն է, որ ղարաբաղցիք, այնուամենայնիվ, այնքան էլ խաղաղ բնակչություն չեն:
Կարդացեք նաև
Կատակը մի կողմ, բայց իրավիճակը ստիպում է հիշել, որ Ադրբեջանի թշնամիները ոչ միայն ղարաբաղցիներն են, այլև` հայաստանցիները, այսինքն` Հայաստանը, որը, ոչ ավել` ոչ պակաս, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Սա արդեն ռեալ հույս է` մանավանդ մեր ռուսասերների ու ռուսամետների համար, որոնք համոզված են և համոզում են, որ Ռուսաստանը դժվար թե Ադրբեջանին թույլ տա իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ մասսայական ոչնչացման զենք կիրառել: Եթե, իհարկե, մեզ խելոք պահենք: Ռուսաստանի հանդեպ, իհարկե:
Բայց միթե մենք առ այսօր Ռուսաստանի հանդեպ մեզ խելոք չենք պահել: Մենք անկախության էս քսան ու ավելի տարիներին Ռուսաստանին ավելի հավատարիմ ենք եղել, քան նույնիսկ Բելառուսը, որը ժամանակ առ ժամանակ ատամ է ցույց տվել Ռուսաստանին ու անձամբ Պուտինին:
Իսկ մեր ատամները հաշվել են: Եվ շարունակում են հաշվել: Ընդ որում բոլորը` բարեկամներն ու թշնամիները: Որովհետև բոլորի առաջ բերաններս բացում ենք: Ասում ենք բաներ, որոնք պարտավոր ենք մեր մեջ պահել:
Ցավոք սրտի, մեր կոմպլեմենտարիզմն առողջ պտուղներ չի տալիս, որովհետև ուժեղները մեզանից ոչ թե կոմպլեմենտարիզմ են պահանջում, այլ` հավատարմություն, ընդ որում` բոլոր ուժեղներն են նույնը պահանջում: Որովհետև մեզնից ուրիշ բան ոչ տեսել են, ոչ էլ սպասում են:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ