Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կինոն այսօր Երեւանում է: Իսկ Վանյանին ծեծողները չկան

Հուլիս 12,2013 12:00

«Ոսկե ծիրան» փառատոնին, օրինակ, ոչ ոք «ազգի դավաճան» չի անվանում, չնայած այնտեղ գրեթե ամեն տարի մասնակցում (նաեւ հաղթում են) թուրքական ֆիլմեր` Թուրքիայի արտադրությամբ: Ավելին, այս տարվա երեւանյան կինոփառատոնին մասնակցում է գերմանական արտադրության ֆիլմ: Ֆիլմը` «Դագաղագործի ճոճանակ», Երեւանում ներկայացնում է նրա գերմանացի պրոդյուսերը, սակայն նա մեր երկրում տվյալ ֆիլմի միակ ներկայացուցիչն է: Ռեժիսորն ու ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչները Երեւան չեն ժամանել, որովհետեւ նրանք ադրբեջանցի են:

Երիտասարդ Էլմար Իմանովը ֆիլմը նկարահանել է Ադրբեջանում, այն պատմում է ադրբեջանցի հոր եւ նրա մտավոր հետամնաց որդու մասին, հետեւաբար Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների մասին, հետեւաբար` ադրբեջանական է: «Ոսկե ծիրան»-ին, իհարկե, ոչ ոք չի մեղադրում «ազգի դավաճանության» մեջ, որովհետեւ մենք հանդուրժող հասարակություն ենք: Որովհետեւ մեկ ապտակը դաստիարակչական է, մի քանիսը` ծեծ:

Բայց ի՞նչ են կոչվում այն հայաստանցիները, որոնք հուլիսի 9-ին գնացին ու դիտեցին «Դագաղագործի ճոճանակ» ֆիլմը, դավաճաննե՞ր, բայց ինչո՞ւ: Ի՞նչ են նրանք արել, թշնամուն մատնել են պետական գաղտնի՞ք, ասե՞լ են, որ այս զորամասում այս զինվորը այս խրամատում զոհվել է այս զինվորի արձակած կրակոցից: Գուցե նրանք դավաճանել են ազգին, քանի որ կուլ են տվել ադրբեջանական մեդիայի խայծն ու համառորեն չեն ցանկանում լռել մոլդավուհի Աուրելիո Գրիգորիուի երեւանյան արկածների մասին անընդհատ խոսելի՞ս: Ամենեւին: Նրանք պարզապես ֆիլմ են դիտել` ադրբեջանցիների մասին պատմող մեկ ֆիլմ, որը նկարահանվել է հենց Ադրբեջանում, որը պատմում է հոր ու նրա` մտավոր հետամնաց որդու մասին, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, եւ որը մարդկային պատմություն է:

Նրանք ուղղակի ապացուցել են, որ մենք ազգայնամոլ չենք:

Էլմար Իմանովն ու իր կոլեկտիվը Երեւան չեն ժամանել, որովհետեւ մեզ ազգայնամոլ են համարում:

Բայց ադրբեջանական կինոն այսօր Երեւանում է: Իսկ Վանյանին ծեծողները չկան, չեն երեւում, հավանաբար որովհետեւ մեկ ադրբեջանական կինոն այլ բան է, մի քանի ադրբեջանական կինոն` բոլորովին այլ, ինչպես ապտակը, ավելի շուտՙ ծեծը:

Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031