Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Բալայան. «Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ անհեթեթություն, ես դաշնակցության անդամ եմ»

Հուլիս 12,2013 11:42

Հատված ռեժիսոր Ռոման ԲԱԼԱՅԱՆԻ հարցազրույցից:

– «Դրախտի թռչունների» հերոսը՝ Նիկիտան, հարց է տալիս ընկերոջը. «Իսկ դու վստա՞հ ես, որ մենք կարող ենք ապրել ազատության մեջ»։ Ըստ Ձեզ՝ այն բանից հետո, երբ մենք ստացել ենք ազատություն, չե՞նք ապրում։

– Առայժմ՝ ո՛չ։ Առայժմ մենք ոտնահարում ենք ուրիշի ազատությունը։ Իսկ ազատությունը ուրիշի ազատության ոտնահարումը չէ։ Ի՞նչ է կատարվում այդ ազատությունը ձեռք բերելուց հետո։ Ամեն տեղ պատերազմ է, բոլորն իրար սպանում են, վնասում։ Ինտերնետից է հորդում համաշխարհային ինֆորմացիան, որն այնքան էլ լավ չի ազդում մարդկանց վրա։ Ազատությունից հետո ընդամենը ի հայտ եկան սուպերմարկետները, որոնցում կարող ես գտնել ամեն բան, եթե փող ունես։ Հիմա մենք երկու բանի դեֆիցիտ ունենք՝ փողի և խղճի։

Դուք համագործակցել եք Ռուստամ Իբրահիմբեկովի հետ։ Ձեր մասին հրաշալի գիրք է գրել Զարա Աբդուլաևան։ Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերություններն այսօր ադրբեջանցի այդ մտավորականների հետ։

– Հրաշալի հարաբերություններ են։ Նրանք շատ խելացի մարդիկ են։ Մենք երբեք իրար հետ քաղաքականությունից չենք խոսում։ Մարդիկ ինձ ասում են. «Ռոմա՛ ջան, գիտե՞ս, որ Ռուստամն ասել է, թե Ղարաբաղը, մեկ է, Ադրբեջանի մեջ է լինելու»։ Ես չեմ հասկանում, բա ի՞նչ պիտի ասի, պիտի ասի, թե Հայաստանի մե՞ջ է լինելու։ Ես կարո՞ղ եմ ասել, թե Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի մեջ։ Իհարկե, ոչ։ Նա իր տեսակետն ունի, ես՝ իմ։ Նա ադրբեջանցի է, ես՝ հայ։ Կոտրել մեր տեսակետներն անհնար է։ Այո, ես կարծում եմ, որ Ղարաբաղի համար ճիշտը Հայաստանի կազմում լինելն է, որովհետև Ադրբեջանի կազմում նրան լավ ապագա չի սպասում։ Ռուստամն այդպես չի կարծում։ Բայց մենք իրար հետ երբեք այդ մասին չենք խոսում։ Այդ մարդիկ ինտելիգենտներ են, բարեկիրթ մարդիկ և վաղուց արդեն ընդամենը ադրբեջանցի չեն։

Ու գիտե՞ք ինչն է ծիծաղելի, որ Ադրբեջանի նախագահը Ռուստամ Իբրահիմբեկովի մասին ասում է. «Ի դեպ, նա սիրում է հայերին։ Նրա ընկեր Ռոման Բալայանը դաշնակցական կուսակցության անդամ է»։ Պատկերացնո՞ւմ եք, ի՜նչ անհեթեթություն, ես դաշնակցության անդամ եմ։

– Կա՞ ինչոր բան, որի մասին կցանկանայիք խոսել։

– Ես երազում եմ, որ վերականգնվեն դպրոցական օլիմպիադաները։ Ես հավատում եմ հայ երեխաներին։ Ուզում եմ, որ նրանք սովորեն աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում, բայց պայմանով, որ վերադառնան ու ծառայեն Հայաստանին։ Եվ մեր հարևանները, որ այնքան էլ մեզ չեն սիրում, շահագրգռված լինեն Հայաստանի հետ համագործակցելու հարցում։ Կստացվի՞ դա, թե՞ ոչ, չգիտեմ: Բայց ես ասում եմ այդ մասին։

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031