Լրահոս
Օրվա լրահոսը

Յոս Ստելինգը հայ հանդիսատեսին. «Ուղեղներդ անջատեք, սրտներդ բացեք»

Հուլիս 12,2013 11:36

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում  երեկ երեկոյան ցուցադրվեց հոլանդացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Յոս Ստելինգի «Աղջիկը եւ մահը» ֆիլմը, արվեստագետն էլ հանդիպեց իր արվեստի երկրպագուների հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ  ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն ասաց, որ ուրախ է ներկայացնել իր համար աշխարհի լավագույն ռեժիսորներից մեկին, որի ֆիլմերը ցուցադրվում են ողջ աշխարհով մեկ:

Պարոն Խաչատրյանը համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար Փարաջանովյան թալեր հանձնեց հոլանդացի կինոռեժիսորին:

Յոս Ստելինգը կատակեց. «Ես էլ մտածում էի, թե ծիրանի օղի է լինելու, բայց սա շատ ավելի լավն է, ուրախ եմ Փարաջանովյան թալեր ստանալ, մանավանդ որ Փարաջանովն իմ հերոսն է: Ես հպարտ եմ լինել Երեւանում, իսկ դուք շատ նրբաճաշակ եք, որ եկել եք ֆիլմս նայելու»:

Խոսելով իր «Աղջիկը եւ մահը» նկարից՝ Ստելինգն ասաց. «Գալիս է մի պահ, որ ռեժիսորի գործն ավարտվում է եւ ֆիլմն ինքնուրույն կյանքով է ապրում: Ֆիլմ նկարելը պատմության մի մասն է, մյուս մասն արդեն ձեր ձեռքերում է, ուղեղներդ անջատեք, սրտներդ բացեք ու դիտեք ֆիլմս…Կինոն երաժշտության նման է: Սա մի տխուր, դասական սիրո պատմություն է: Սկսվում է 20-րդ դարի հիսունական թվականներից, հետո գնում մինչեւ 19-րդ դար, նույնիսկ  18-րդ դարից մի կտոր կա: Ու այնուհետ կրկին վերադառնում ենք ներկա: Մյուս կողմից ֆիլմը կարելի է ամփոփել մեկ վայրկյանի մեջ՝ տղամարդն ակնդետ նայում է դռանը, որի հետեւում ծավալվում են գործողությունները: Կինոն արվեստի այն հնարանքն է, որը խաղեր է անում ժամանակի հետ: Մեկ վայրկյանն իր մեջ  200 տարի է ամփոփել, բայց ֆիլմը նայելը ձեզանից երկու ժամ կպահանջի»:

Ֆիլմի առանցքում Պուշկինի «Я помню чудное мгновенье»  բանաստեղծության գաղափարն է, միակին առաջին վայրկյանից  «հայտնաբերելու», զգալու ու քոնը դարձնելու փիլիսոփայությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031