Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պնդում է, նույն քաղաքի բնակիչ Լեւիկ Մարյանի Ոստիկանություն ներկայացրած հաղորդումը իրեն զրպարտելու միտում ունի:
Մեր հարցին՝ ինչու քաղաքացին պետք է իրեն զրպարտեր, քաղաքապետն ասաց. «Իրենից հարցրեք, ինքս կփորձեմ պարզել, հետո ձեզ էլ կասեմ:
Քրեական գործ է հարուցված, ոստիկանությունից ճշտեք մանրամասները: Ծեծկռտուք չի եղել, էդ քաղաքացին ինձ զրպարտում է: Նախաքննությունը ցույց կտա՝ ծեծե՞լ եմ, թե՞ ոչ»:
Պարոն Սահակյանն ասաց, որ այդ քաղաքացու հետ բարեկամական կապեր չունի հանդիպել է քաղաքում ընթացող շինաշխատանքների ժամանակ. «Պետբյուջեի փողերով ընթացող ասֆալտապատման ժամանակ փակվել է այն առուն, որից գյուղատնտեսները իրենց հողերը ջրելու համար ջուր են վերցնում: Խնդիր էր առաջացել, գնացել էի լուծում գտնելու: Տարաձայնություններ եղան, լեզվակռիվ, ուրիշ ոչ մի բան, ոչ խփել եմ, ոչ վիրավորել»:
Այլ մանրամասներ տարաձայնության վերաբերյալ քաղաքապետը հրաժարվեց ներկայացնել, նորից կրկնեց՝ նախաքննության ընթացքում ամեն ինչ կպարզվի:
Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ քաղաքապետը իրարամերժ հայտարարություններ է արել տարբեր լրատվամիջոցներին: Օրինակ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում նա հաստատել է, որ ծեծկռտուք է ունեցել հաղորդում տված քաղաքացու հետ:
Մեր հարցին, ինչո՞ւ է մի լրատվամիջոցի հետ զրույցում հաստատում, մյուսով հերքում ծեծի հանգամանքը, ասաց. «Հավատացեք կամ մի հավատացեք լրատվամիջոցներին: Ոչինչ չունեմ ասելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես լրիվ հավատում եմ տուժվածին:Խեղճ ու կրակ, անօգնական գյուղացին, որի սածիլներն արդեն չորանում են, անզոր է իշխանավորների հանդեպ:Նայեք այս չինովնիկի դեմքին՝ իհարկե կհարվածի էլ, կանպատվի էլ:Իզո՞ւր է ասված՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:Այս էլ մեր ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Արփինե Սիմոնյանին
Հարգարժան Արփինե ես հարգում եմ լրագրողի աշխատանքը,ես ինքս էլ լրագրող եմ:Լրագրությունը պետք է պատասխանի մի քանի հարցերի`ով,ինչ, երբ, որտեղ և այն պիտի հիմնված լինի փաստերի վրա:Այս ամենի մասին համոզված եմ,որ գիտես շատ լավ:
Հիմա փաստերը
1Լևիկ Մարյանը 2-րդ կարգի հոգեկան կարգ ունի կարող եք ճշտել համապատասխան մարմիններից և նրա հայտարարությունը նման է ֆանտաստ ֆիլմի:
2 Երեկ Շանթ ՀՍ-ի Հորիզոն ծրագրով նա հայտարարություննր արեց,մեր հարգարժան լրագրող մի բան էր մոռացել հարցազրույց վերցնել ականատեսներից,ովքեր այլ բան են փաստում:Լևիկ Մարյանը մոռացավ ասել,որ հայհոյել է քաղաքապտին քար է շպրտել նրա ուղղությամբ,անուղակի ճչացել և այլն,քաղաքապետն էլ բռնելով ձեռքից ասել է գնա այստեղից:Ասածս կվկայեն հարյուրավոր սպիտակցիներ:Կարդացեք տարբեր կայքերում գրված կոմենտները ի պաշտպանություն քաղաքապետի,հարց չգտնվեց մի սպիտակցի,որ պաշտպաներ Լևիկին…սա թողնում եմ Ձեր ենթադրությանը:
Ես առաջարկում եմ Ձեզ գալ Սպիտակ և տեղում պարզել ամեն ինչ,կատարել սեփական հետաքննությունը:Բոլոր տրանսպորտային ծախսերը ես վերցնում եմ ինձ վրա հանուն արդարության և պատրաստ եմ Ձեզ հետ քննադատել այն կողմին, որը ստում է:
Հարգանքներով`Ռոբերտ Բալայան
Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության բաժնի մամլո հաղորդագրություն
2013թ. հուլիսի 10-ին և 11-ին տարբեր ԶԼՄ-ներով և համացանցով տարածված տեղեկատվությունը Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի և Սպիտակ քաղաքի բնակիչ Լևիկ Մարյանի միջև տեղի ունեցած <> մասին իրականությանը չի համապատասխանում: Այն առաջացրել է Սպիտակի համայնքի բնակիչների և համայնքի ավագանու վրդովմունքն ու դժգոհությունը: Այդ մասին են վկայում նաև համացանցում տեղադրված նյութերի վերաբերյալ հարյուրավոր բնակիչների թողած մեկնաբանությունները:
Իրականում Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցի բնակիչների խնդրանքով, թաղամասի ոռոգման ջրի կարգավորման նպատակով քաղաքապետն այցելել է թաղամաս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Նա հանդիպել և զրուցել է բնակիչների հետ, քննարկել խնդիրը ( ի դեպ, խնդիրն արդեն լուծված է): Հանդիպման ժամանակ նույն թաղամասի բնակիչ Լ. Մարյանը տեսնելով քաղաքապետին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, անպատիվ ու անպարկեշտ արտահայտություններ է արել Սպիտակի քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի հասցեին: Լ. Մարյանի անվայելուչ ու գռեհիկ բառերին քաղաքապետը չի արձագանքել, չի տրվել սադրանքներին, այլ բռնել է թևից և ասել. <>:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Լևիկ Մարյանը Սպիտակի հասարակության մեջ հայտնի է իր կռվարար, բանսարկու, էմոցիոնալ անկայուն բնավորությամբ: Այսպիսի նկարագրով մարդու ստահոդ հայտարարությամբ <> դարձել է լրատվամիջոցների քննարկման և տարածման նյութ և նպատակ ունի խաթարել քաղաքում ստեղծված առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, վնաս հասցնել Սպիտակի քաղաքապետի բարի համբավին: Նշենք, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Վերոգրյալից ելնելով`հարգելի լրագրողներ խնդրում ենք հաշվի առնել փաստերը, չխաթարել խոսքի ազատության իմաստը, սպասել հարուցված քրեական գործի ավարտին, նյութը հրապարակելուց առաջ կատարել համապատասխան ուսումնասիրություններ և հասարակությանը թյուրիմացության մեջ չգցել:
Աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության,
սպորտի և լրատվության բաժնի պետ
Հ.Խոյեցյան