Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետ. «Ընդհանրապես թողեք Հովիկ Աբրահամյանին հանգիստ»

Հուլիս 12,2013 10:41

Երբ Արարատի մարզպետարանի կողմից պետական էժան դիզվառելիքի բաշխման հետ կապված քրգործ հարուցվեց ՀՔԾ-ում, և պարզվեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, Մխչյան գյուղին հատկացված 70 տոննա դիզվառելիքի 48 տոննան է վերցրել, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը մի բան էլ քիչ են տվել, և որ նա 90 հեկտար հող ունի: Ավելի ուշ, սակայն,  ձերբակալվեց մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Երեկ այս առթիվ մի քանի հարց ուղղեցինք Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին:

 – Պարոն Բարսեղյան, չնայած Ձեր հարցազրույցում Դուք ասել էիք, որ մի բան էլ քիչ եք տվել Հովիկ Աբրահամյանի եղբորը` Ջոնիկ Աբրահամյանին, այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվեց այն մարդու դեմ, ով որ բաշխել էր այդ վառելիքը: Ինչպե՞ս դա հասկանանք:

– Ես ասել եմ, որ եղել է դիզելային վառելիքի չարաշահում, որի մասին ես տեղեկացրել են փոխվարչապետին գրավոր: Եվ ուսումնասիրություններ են կատարվել, ես չեմ մասնակցել, ուսումնասիրությունների ժամանակ արձակուրդում էի գտնվում հանրապետությունից դուրս և այսօր էլ չեմ էլ ուզում հետաքրքրվել ընթացքի մասին: Ջոնիկ Աբրահամյանը ստացել է դիզելային վառելիք, Ջոնիկ Աբրահամյանն ունի բավականին հող սեփականաշնորհված, այդ վառելիքը կօգտագործվի իր հողը մշակելու հետ կապված: Կառավարության որոշմամբ սահմանափակումներ չեն եղել, թե ով պիտի ինչքան ստանա:

Պարոն Բարսեղյան, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք քրեական գործի հարուցումը մարզպետարանի կողմից դիզվառելիքի բաշխման հետ կապված:

– Քրեական գործ հարուցվել է շահառուներին դիզելային վառելիք չհասնելու կապակցությամբ:

 – Փաստորեն, ինչոր մեկը շատ է ստացել, չէ՞, որ մյուսներին չի հասել, օրինակ` Ջոնիկ Աբրահամյանը:

– Ջոնիկ Աբրահամյանի հետ բացարձակ կապ չունի: Շատի մասին չի խոսքը: Թե արդյոք վառելիքը մտել է մարզ, թե չի մտել մարզ, դա միայն Հատուկ քննչական ծառայությունը կարող է ձեզ պատասխանի և Ֆինանսների նախարարության ֆինանսական տեսչությունը: Դեռևս մենք 400 տոննա սելիտրա ունեինք ստանալու, որը չենք ստացել, ցանկացողներ չեն եղել:

Լավ, այդ դեպքում, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մեղադրանք ներկայացվել Գյուղատնտեսության վարչության պետին, եթե իրոք ամեն ինչ ճիշտ է բաշխվել, և գյուղացիները իրենք չեն ցանկացել ստանալ:

– Դիզելային վառելիք շահառուներին չի հասել: Նախ` շահառուները իրենք չեն ցանկացել, որ վերցնեն, երկրորդն էլ` շահառուները չեն ցանկացել, բայց դիզելային վառելիք դուրս է գրվել:

Տեղեկություններ կան, որ Հովիկ Աբրահամյանը փորձում է ինչոր կերպ հարթել խնդիրը, դա ճի՞շտ է:

– Ես պատասխանում եմ այն հարցերին, որոնց իրավասու եմ պատասխանել: Այդ խոսակցությունները Հովիկ Աբրահամյանի հետ կապված իրականությանը չեն համապատասխանում, չեն էլ կարող համապատասխանել, և ընդհանրապես թողեք Հովիկ Աբրահամյանին հանգիստ:

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031