Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահության զրոյական մակարդակ է նախաքննական մարմնի` զինդատախազության հանդեպ

Հուլիս 12,2013 10:14

Հիմա գլխավոր խնդիրն իշխանության համար պետք է լինի ոչ թե իր համար տարբեր ծառայություններ մատուցած Լիցկայի դեմքն ու ապագան փրկելը, այլ բարձր որակի արդարադատության իրականացումն ու այդպիսով իշխանության հանդեպ հասարակության մեջ վստահության ներշնչումը գոնե այս գործով: Հաստատ Լիցկայի հովանավորությունը սեփական վստահության կորստով հարկավոր չէ իշխանությանը: Համենայն դեպս` հովանավորության վերաբերյալ մտքերը ծնվում են Սուրիկ Խաչատրյանի հետ իշխանական կայքերի հարցազրույցների ինքնարդարացման շեշտադրության առկայությամբ եւ բուն նախաքննություն իրականացնող մարմինի քայլերի հերթագայությունից:
Արտակ Բուդաղյանին միակողմանի կերպով մեղադրանքի առաջադրումը բազմաթիվ պրոբլեմների առաջ կանգնած իշխանության հանդեպ անբարյացակամության մի հավելյալ դրսեւորում դառնալու վտանգն ունի իր մեջ: Ու որեւէ անձ, ով էլ նա լինի, ինչ ծառայություններ էլ մատուցած լինի իշխանությանը, չարժե այն բանին, որ իշխանությունը սեփական հասարակության աչքում անվստահելի լինելու նոր առիթներ ունենա: Քանզի գործի քննությանը հետեւող ու թեկուզ իրավաբանությունից շատ հեռու մարդն անգամ ակնհայտ հակասություններ է նկատում տեղի ունեցողում` սկսած զինդատախազի անհարկի մեկնաբանություններից հենց դեպքից անմիջապես հետո, Լիցկայի տան մոտ տեղի ունեցածի ընտրովի մատուցումով հասարակությանը` մոնտաժված տեսանյութով, Լիցկայի տնից առգրավված զենքի փաստաղթավորված լինելու մասին հաղորդագրության տարածման շտապողականությամբ, թեեւ դա եւս կարծես նախաքննության գաղտնիք կարող էր լինել: Տպավորություն կա, որ թեեւ նախաքննությունը չի ավարտվել, սակայն ամեն ինչ արվում է Լիցկային եւ իր ընտանիքին պաշտպանվող կողմ ներկայացնելու համար, երբ ի վերջո ոչ ոք իրականում (բացի նախաքննական մարմնից եւ տեսանյութի տերերից) չգիտի, թե ինչ է եղել չմոնտաժված տեսանյութում, կամ ոչ ոք չի ասում վեճի իրական պատճառները, դրանք խնամքով թաքցնում են հենց կողմ ընտանիքները: Թեեւ ամեն ինչ մատնացույց է անում մի ինչ-որ շատ մեծ պատճառ: Հանրության համար էլ գոնե էմոցիայի մակարդակով անընդունելի էր Արտակ Բուդաղյանի դեմ քրեական գործի հարուցումը, երբ առաջին հայացքից նա ակնհայտ տուժող է թվում:
Իհարկե, նախաքննական մարմնի դեր ոչ ոք չի կարող ստանձնել (մենք եւս հեռու ենք այդպիսի մտքերից), բայց հանրությունն էլ իրավունք ունի չվստահելու այնպիսի նախաքննական մարմնի, որն ի սկզբանե կողմնակալ հայտարարություններ է անում:
Այս իրավիճակում, երբ վստահության զրոյական մակարդակ է նախաքննական մարմնի` զինդատախազության հանդեպ, երբ իշխանությունը կարող է նույնացվել սկանդալային անցյալով նախկին մարզպետի եւ իրավական անարդարության հետ, իշխանությունը լավ կլինի, որ սահմանազատվի արդեն իսկ անվստահության շղարշը կրող նախաքննական ներկա մարմնից եւ գործի քննությունը փոխանցվի դատախազությանն ու հատուկ քննչական ծառայությանը: Ի վերջո հազար Լիցկա լինի` իշխանության համար ամենակարեւորը հիմա սեփական վարկն է, սեփական հասարակության աչքում բացասական կերպարներից սահմանազատվելու կամքը:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031