«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում էր կազմակերպվել անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Երեկոն նվիրված էր մեծանուն հայորդու ծննդյան 75-ամյակին: Ցուցադրվեցին նրա՝ «Կյանք», «Վերջ», «Տարվա եղանակներ», «Մարդկանց երկիրը» եւ «Բնակիչները» ֆիլմերը:
«Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն ասաց, որ մեծ երջանկություն է մաեստրոյի հետ հանդիպում ունենալը:
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը Փելեշյանին հանձնեց միության «Ասպետի ոսկե խաչ» մրցանակը, իսկ կինոգետ, գրող, Կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանը՝ «Անահիտ»՝ ակադեմիայի անունից:
«Բառերը միշտ անօգնական են, երբ գործ ունես Արտավազդ Փելեշյանի կինոյի հետ: Իր կինոն չի թողնում, որ մենք եւ մեր երկիրը մեզ փոքր զգանք: Փելեշյանը մեր երկիրը սփռում է աշխարհով մեկ, Հայաստանը դարձնում աշխարհինը, աշխարհն էլ՝ Հայաստանինը…Մենք շնորհակալ ենք Փելեշյանին իր կյանքն ապրելու եւ իր կինոդարը ստեղծելու համար»,-նշեց պարոն Մուրադյանը:
Կարդացեք նաև
Այնուհետեւ ցուցադրվեցին Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, ու ամեն ֆիլմի ավարտին դահլիճը պայթում էր ծափահարություններից, վարպետն էլ տեղից վեր էր կենում եւ ողջունում հանդիսատեսին:
Սակավախոս, բայց ամեն խոսքն աֆորիզմի ուժով օժտող Փելեշյանը համաձայնեց պատասխանել ներկաների հարցերին, խոսեց իր ֆիլմերից, դրանց ստեղծման դժվարություններից:
Նրան զարմացրեց՝ «Ձեր կարծիքով ինչ ասել է ազգային կինո» հարցը. «Ինչ ասել է ազգային կինո, դա նույնն է որ, իմ կարծիքով հարցնեք ես հա՞յ եմ»: Ընդհանրապես ֆիլմերում բառերի բացակայության մասին էլ վարպետն ասաց, որ իր պարագայում բառեր չկան, որովհետեւ բառն օգտագործելը պահանջում է այդքան տեւողության պատկեր: Նրա ձեւակերպմամբ, տեղին օգտագործված բառերն անշուշտ կարեւոր են, բայց դրանք կաշկանդում են կերպար ստեղծելիս:
Զրույցի սկզբում Փելեշյանը փաստեց, որ անընդհատ ցուցադրում են իր այս ֆիլմերը, որոնք երիտասարդ տարիներին է նկարել. «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ»:
Իսկ այն դիտարկմանը, թե ամեն անգամ իր ֆիլմերը նայելիս, նոր բան են հայտնաբերում, Փելեշյանը պատասխանեց. «Ինչքան էլ աբսուրդ թվա, ես մոնտաժ եմ անում ոչ միայն ներկա, այլեւ բացակա պատկերները…Ֆիլմը կառուցված է, բայց ֆիլմի կեսը բացակա է, սակայն մոտնաժի, երաժշտության, պատկերի շնորհիվ բացակայող մասը ենթագիտակցորեն ներկա է»:
Խոսելով Պիետրո Մարչելոյի «Փելեշյանի լռությունը» ֆիլմի մասին, կինոյի վարպետը ժպտալով ասաց. «Դա Մարչելոյի լռությունն է, ոչ թե Փելեշյանի: Նման վերնագիրը բացատրություն է պահանջում, մինչդեռ ռեժիսորն ինձանից օրինակ վերցնելով լռել է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Շնորհավորում եմ !!!
Սպասում ենք Վարպետին իր ծծնդավայրում՝ Գյումրիում․․