Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանում որակյալ պանիր չի արտադրվում

Հուլիս 11,2013 22:18

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավերով Գյումրի էր ժամանել ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ու մի շարք այլ ազդեցիկ գործարարներ:

Հանդիպման նպատակը, ըստ Շիրակի մարզպետի, Գյումրիում ինչ-որ բան փոխելն է: Գործարարների միության նախագահն ասաց, որ իրենք յուրահատուկ հարթակ ունեն գործարարների խնդիրները բարձրաձայնելու ու նրանց շահերը պաշտպանելու համար, սակայն մարզերից գործարարների ձայնը քիչ է լսվում, ավելին, ակտիվ են միայն Արցախի գործարարները:

Նրա այս խոսքի վրա շիրակցի գործարարներից մեկը` «Իգիթ» կաթնամթերքի գործարանի փոխտնօրեն Ռոբերտ Իգիթյանը, բարձրաձայնեց պանրագործների խնդիրը`ահազանգելով, որ Հայաստանում մեռնում է պանրագործությունը, որակյալ պանիր չի արտադրվում: Իսկ պատճառն այն է, որ ոչ մի արտոնյալ վարկեր չեն տրամադրում, և եթե իրենց բիզնեսը գոյատևում է, ապա դա շատ դեպքերում դրսի ընկերների շնորհիվ է: Ըստ նրա, գործարարը հայտնվել է գաղջ վիճակում:

P2202309

«Մեզ պես մարդիկ, որոնք գյուղատնտեսության հետ գործ ունեն, գոնե նրանց արտոնյալ վարկեր պիտի տրամադրեն: Բայց մենք ոչ մի բանից չենք օգտվում, մենակ հարկեր ենք տալիս: Ավելին ասեմ, վարկերը վերցնում ես, էժան վերցնում ես, մուծելու վախտը թանկանում են, մենք կաթ ենք մթերում, անցած տարի տվեցին դրամով, էս տարի դոլարով դարձրեցին, խեղճ գյուղացին էլ մեր ձեռքը կնայե: Մեր արտադրությունը արդեն սկսում է մարել, մենակ պանրագործությունը ինքն իրենով չի արդարացնում, լուրջ վիճակի մեջ ենք: Ուշադրություն պիտի դարձվի, մի անգամ հավաքվել էինք, Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզան, ասաց, որ եթե իմ բիզնեսը բազմապրոֆիլ չլիներ, պանրի արտադրությունս իրեն չէր արդարացնի: Դուք էսօր Հայաստանում նորմալ պանիր տեսնո՞ւմ եք (Շիրակի մարզպետը տեղից արձագանքեց`չկա), իսկ էսօր մեր տեխնոլոգիան, որով հազար հոգի աշխատում է, ուրիշներն էլ փորձում են մեզանից սովորել, բայց մենք չնչին գումարներ ենք աշխատում, կոպեկներ, էդ փողերով սարքել ենք գործարան, որ էսօրվա վիճակով կարողանանք մեր գոյությունը պաշտպանենք, բայց էսօր ոչ մեկին չի հետաքրքրում, ասում են` թող վերանա, մտածող չկա: Պանրատադրությունը չի արդարացնում, չեն ասում, եկեք 3 կամ 4 տարով ավելացված արժեքի հարկը հանենք, գյուղացուց ավելացված արժեքի հարկը գցել են արտադրողի վրա, բայց գործարարն էլ չի կարող պահել էդ ամեն ինչը», -դժգոհեց գործարարը:

P2202310

Գործարարների միության նախագահն էլ ասաց, որ պանիրը այն գնով, ինչ վաճառվում է, շահութաբեր չէ նաև Երևանում, և այս խնդիրը համընդհանուր է: Նա նաև ասաց, որ  այդ հարցը քննարկվել է վարչապետի հետ ունեցած արտադրական քննարկման ժամանակ, և իրենք բարձրաձայնել են, որ գյուղացուն արտոնյալ վարկ տալուն զուգահեռ կամ փոխարեն պետք է արտոնյալ վարկեր տրամադրեն վերամշակողին, մթերողին` սկսած կաթնամթերողից մինչև պտուղ-բանջարեղեն մթերողին:

Գործարարը նաև նեղվեց, որ իրենք էլ կարող են «չերեզ» ծանոթ վարկ վերցնել, բայց ինչո՞ւ, թող դա օրենքով սահմանեն, իրենք էլ գնան օգտվեն, և այդ ինչպե՞ս է, որ Արարատյան դաշտավայրի գործարարներին հազար ձևերով ու սիրով հատկացնում են: Գործարարները, հերթով լքելով դահլիճը, այս հանդիպումը փուչիկ որակեցին. ըստ նրանց հազար տարի էլ հավաքվում քննարկում են, սակայն ոչինչ էլ չի փոխվում ու եթե ինչ-որ բան փոխվում է գործարարի աշխատանքում, ապա դեպի վատը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031