Կազանում ընթացող 27-րդ ամառային ունիվերսիադայի վեցերորդ օրը նույնպես Հայաստանի մարզական պատվիրակությանը ոսկե մեդալ չբերեց:
Չեմպիոնի տիտղոսին տիրելուն շատ մոտ էր 66 կգ ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Դեյվիդ Սաֆարյանը: Սակայն նա վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւին՝ 1:3, եւ բավարարվեց Համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոնի կոչումով:
Այսօր որոշակի սպասելիքներ կային 85 կգ քաշային ծանրորդ Աղասի Աղասյանից: Սակայն նա հանդես եկավ հնարավորություններից ցածր: Աղասին պոկում եւ հրում վարժություններում կատարեց ընդամենը մեկական արդյունավետ մոտեցում եւ երկամարտի 340 կիլոգրամով հանգրվանեց 6-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ