Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչը մերժեց հեռուստաընկերության եւ լրագրողի բողոքը

Հուլիս 11,2013 19:52

2011թ. հուլիսի 15-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել լրագրող Նաիրա Խաչիկյանի եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի դեմ, հայտնելով, որ 2011թ. հունիսի 21-ին Հ2-ի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվել է տեսանյութ, որի մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ: Հայցվորը դատարանին խնդրել է Ն. Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիային» պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ պատասխանողներից համապարտությամբ որպես փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ:

Հայցը վերաբերում է պետբյուջեի միջոցներով «Իջեւանի ճՇՇ»-ի կողմից Իջեւանի մի քանի փողոցների նորոգման հանգամանքներին: 2012թ. ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը հայցը բավարարել է մասնակի եւ վճռել Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 50 հազար դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար եւ մնացած մասով հայցը մերժել: Դատարանը վճռել է Ն. Խաչիկյանից հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 20 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 1500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2012թ. հուլիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2013թ. մարտի 22-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը հրապարակելով վճիռը՝ համարել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին վիրավորանք հասցնելու հանգամանքը: Այդ հիմքով դատարանը մերժել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ին եւ Ն. Խաչիկյանին ներողություն խնդրելուն եւ համապարտության կարգով 1 միլիոն դրամ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու հայցվորի պահանջը: Դատարանը որոշել է, որ զրպարտության առկայության պարագայում 2 միլիոն դրամ փոխհատուցումը պարտավորեցնելու պահանջը պետք է մերժել՝ հիմք ընդունելով պատասխանողների գույքային դրությունը: Դատարանը վճռել է «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ի եւ Նաիրա Խաչիկյանի (ներողություն խնդրելուն եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին) մերժել:

Դատարանը վճռել է «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Ն. Խաչիկյանից համապարտության կարգով հօգուտ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի բռնագանձել 100 հազար դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար եւ 40 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ն եւ Ն. Խաչիկյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել այս վճռի դեմ: Վերաքննիչ  բողոքն ուղղված էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի այն կետի դեմ, որով «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից եւ Ն. Խաչիկյանից համապարտության կարգով պետք է  բռնագանձվեն  փաստաբանի վարձատրության եւ պետական տուրքի գումարները:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ հունիսի 26-ին քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան) որոշել է վերաքննիչ բողոքը մերժել, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. մարտի 22-ի վճիռը թողնել անփոփոխ՝ օրինական ուժի մեջ: Որոշումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031