Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրանյութի գործով հարցաքննեցին պայմանագրային զինծառայողին

Հուլիս 11,2013 19:06

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կամո Շահինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:

Ըստ մեղադրանքը պաշտպանող Միքայել Գրիգորյանի, անցյալ տարվա հուլիսին խուզարկության ժամանակ ամբաստանյալի բնակարանում՝ խոհանոցում եւ հողամասում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափի թմրանյութ:

Դատարան էր ներկայացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վոլոդյա Ասատրյանը: Նա Փշատավան գյուղի բնակիչ էր:

Վկան հայտնեց, որ խուզարկության օրը իրեն զանգել է Կամո Շահինյանի որդին՝ Արաբոն, եւ խնդրել շտապ գնալ իրենց տուն:

Կարծելով, թե դեպք է պատահել, նա «կիսահագնված» (առավոտյան ժամը 8-ին մոտ էր) գնացել է Կամոյենց տուն: Վկան ասաց, որ հիշում է, երբ ինքը հողամասից դուրս ինչ-որ շինության մոտ է եղել, ոստիկանները այնտեղից հայտնաբերել են «պլանի քոլ»՝ կանեփի քոլ: Ոստիկաններն այս վկայի հիշելով, «քոլը» բերել են Կամոյենց բակ, որտեղ կշռել են:

Նա չհիշեց, թե որքան է կազմել գտնված զանգվածը: Ավելին հիշել վկան չկարողացավ, եւ անգամ պատճառաբանեց. «Ահագին ժամանակ է անցել, իմ պարտականությունը չէ հիշելը, ես էլ իմ պրոբլեմներն ունեմ»:

Նա նաեւ ասաց որ ոստիկանները խոհանոցից գտել էին փոքր թուղթ, իսկ թե ինչ էր եղել կամ հայտնաբերվել թղթի կտորում՝ վկան չհիշեց:

Մեղադրող Միքայել Գրիգորյանը հարցրեց, թե նախաքննության ժամանակ ցուցմունքները ստիպողաբա՞ր է գրել, վկան ասաց, որ գրել է այն, ինչ հիշել է, եւ պնդեց իր նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները:

Ամբաստանյալի պաշտպան Թամարա Պողոսյանի հարցին էլ, թե որքա՞ն ոստիկաններ կային, նա ասաց՝ շատ էին: Նախորդ վկաները մինչեւ երեսուն ոստիկանների մասին էին հայտնել:

Դատարանը հրապարակեց վկայի ինչպես անցյալ տարվա օգոստոսի 11-ի ցուցմունքը, այնպես էլ նրա լրացուցիչ ցուցմունքը: Ըստ այդ ցուցմունքների, խոհանոցից գտնված թղթի կտորում հայտնաբերվել էր 7 գրամ թմրանյութ, իսկ «քոլն» էլ 19 կիլոգրամ էր:

Հայտնաբերվել էր նաեւ դանակ, որի բռնակը կոտրված էր: Նախաքննության ժամանակ այս վկան հայտնել էր, որ խուզարկության ժամանակ Կամոյի կինն ու մայրն են ներկա գտվել, եւ Կամոյի տարեց մոր վիճակն էլ վատ է եղել:

Դատարանն այս վկային հարցաքննելուց հետո անցավ ապացույցների հետազոտմանը: Հրապարակվեց խուզարկության արձանագրությունը, փորձաքննության եզրակացությունը: Պարզվեց, որ «զանգվածը հնդկական, մանջուրական, կովկասյան սորտ կարող է լինել, եւ հնարավոր չէ կոնկրետ ասել, որ սորտն է, քանի որ իրարից չեն տարբերվում»:

Ապացույցների հետազոտման ժամանակ մեղադրողը հրապարակեց «Արմավիր» բուժհիմնարկի տեղեկանքը, համաձայն որի՝ ամբաստանյալը հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում, թմրանյութի կախվածություն ունի, եւ նա հարկադիր բուժման կարիք ունի: Ամբաստանյալն ասաց, որ ինքն առաջին անգամ է լսում, որ հաշվառված է, եւ որ ինքը 2006 թ-ին բուժվելուց հետո «որեւէ մեկի հետ գործ չի ունեցել»:

Ամբաստանյալի պաշտպան Թամարա Պողոսյանը միջնորդեց գրավ կիրառել եւ կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով:

Նա ասաց, որ Կամոն ունի մշտական բնակության վայր, կամավոր է ներկայացել ոստիկանության բաժին, մասնակի է ընդունել իր մեղքը, տառապում է մի շարք հիվանդություններով, մասնակցել է ազատամարտին: Բացի այդ նրա մահամերձ 83-ամյա հորը տեսնելու համար թույլատրել են կարճատեւ մեկնում:

Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը, պաշտպանական կողմը դատարան կներկայացնի Կամոյի առողջության վերաբերյալ վերջին հետազոտության արդյունքները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031