Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի մեկնաբանությունները, թե ինչո՞ւ են ռուսները գերադասում Թուրքիայի լողափերը

Հուլիս 11,2013 18:39

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրի էր հրավիրել ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին ու մի խումբ գործարարների, որպեսզի վերջիններս լսեն շիրակցի գործարարների դժգհությունները, մանրամասնորեն ծանոթանան նրանց խնդիրներին ու գոնե մի օգուտ տան:

Սակայն վերջիններս մոտ մեկ ժամ ուշացումով ժամանեցին, իսկ մինչ այդ դահլիճում նստած շիրակցի գործարարներին, այսպես ասած, զբաղեցրեց մարզպետը: Վերջինս խոսում էր այն մասին, որ անհրաժեշտ է փոխել գործարարի հոգեբանությունը, մտածողությունը, պետք է համարձակ լինել բիզնես դնելիս, քանի որ վախն ու զգուշավորությունը, մարզպետի բառերով ասած՝ «տոռմուզ» են:

Մարզպետը խոսում էր հետաքրքիր օրինակներով, պատմում էր դեպքեր իր ու տարբեր գործարարների հետ հանդիպումից: «Երևանից մի բիզնեսմեն եկավ իմ մոտ, հարցրեցի, թե ինչո՞ւ մի բիզնես չի դնում Գյումրում: Պատասխանեց՝ ես արդեն բիզնես դրել եմ Գյումրում, երբ հարցրեցի`ի՞նչ ես դրել, ասաց` գազալցակայան, ես ասացի` դու մեզանից տարել ես, ոչ թե դրել ես»: Մարզպետը տարբեր օրինակներով ցույց էր տալիս, թե ինչպես է ինքը նախանձում այն երկրներին, որտեղ բիզնեսը ծաղկում է: Պարոն Ցոլակյանը նաև պատմեց, թե ինչպես վերջերս հեռուսատեսությամբ տեսել է, որ «Հոնդայի» կռունկները կատարելագործում են, դրանցից ամեն մեկը 100 տոննա բեռ է բարձրացնում: Ու այդ կռունկների արտահանման համար հատուկ երկաթուղի են կառուցել, որպեսզի կարողանան ծով հասցնել, նավ տեղափոխել դրանք: Ըստ մարզպետի, նույնիսկ նավերն են կատարելագործել այդ նպատակն իրագործելու համար:

«Աշխատակիցներին կերակրելու համար օրական 500 կով են մորթում, մեր Շիրակի մարզում գյուղեր կան, որ էդքան անասուն չունեն»,- նախանձով ասաց մարզպետը: Նա նաև նախանձեց մյուս տեղանքներին, որտեղ գոնե հանքարդյունաբերություն կա, իսկ Շիրակի մարզը դրանից էլ է զրկված, ունի միայն քար ու Ջաջուռի ածուխները: Ֆելիքս Ցոլակյանը շատ երկար, սակայն անկեղծ ու հետաքրքիր խոսեց: Նրա բերած օրինակներից ամենատպավորիչն այն էր, որ բիզնեսն ու տուրիզմը չեն կարողանա զարգանալ, քանի դեռ վարվեցողության կանոններ չկան, այսինքն, մի պատճառ, որի մեջ ոչ կառավարությունն է մեղավոր, ոչ էլ` մարզպետարանը:

P2202308

Ֆելիքս Ցոլակյանը պատմեց, թե ինչպես վերջերս մեկը մտել է իր մոտ ու դժգոհել Գյումրու սուպերամարկետներից մեկում տիրող վիճակից: Վաճառողն այնքան կոպիտ է պատասխանել, որ հաճախորդը այլևս ցանկություն չի հայտնել այդտեղ ոտք դնելու: Այս առիթով մարզպետը օրինակ բերեց հարևան Թուրքիային, որը կարճ ժամանակում դարձավ տուրիզմի ու առևտրի կենտրոն: «Մի անգամ Վրաստանում մտա խանութ, ինչ որ բան էի ուզում, որը շարված էր ապակու տակ: Վաճառող վրացուհին, որ չէր տեսնում ապակու տակի իրերը, մի կերպ ասում էր` դե ո՞ր մեկն եք ուզում: Ասացի`մոտեցի, որ ցույց տամ: Այնուհետ նրան ասացի` եթե ուզում ես լավ առևտուր ունենալ, առևտրի կանոնները սովորելու համար պիտի գաս Երևան, նաև հարցրեցի՝ եղե՞լ ես Թուրքիայում: Տիկինն ասաց` ոչ: Ես էլ չեմ եղել, բայց այնքան եմ լսել, որ ինձ թվում է, թե եղել եմ: Թուրքիայում խանութ մտնելիս մինչև բարև ես տալիս, հերթով շարվում են, կանչում են խանութի տիրոջը, մինչև ուզում ես մի ապրանքի նայել, թեյ են բերում հյուրասիրում, դրա համար էլ նրանց մոտ տուրիզմը զարգանում է, ձեր կարծիքով ռուսները չգիտե՞ն արտերկրյա շքեղ լողափերի տեղը, բայց գերադասում են հանգստանալ հենց Անթալիայում, որովհետև ծովի ափերում անգամ թուրքերը զբաղվում են տուրիստներին հյուրասիրելով ու սիրաշահելով: Ծովի ափին տուրիստներին սուրճ են բերում ու հրամցնում», ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Շիրակցի գործարարների դժգոհություններին, թե ինչպե՞ս իրենց ցածր տոկոսադրույքներով վարկեր չեն տրամադրում, երբ գալիս է վարկի տոկոսը մուծելու օրը, արհեստականորեն այն բարձրացնում են, պանրագործությունը Հայաստանում մեռցնում են և այլն, կանդրադառնանք քիչ անց:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031