«Ֆիլմի 40%-ը եռաչափ գրաֆիկա է, ինչը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում: Բոլոր ստուդիաները հրաժարվում էին մեր ֆիլմից, բայց մենք շատ էինք ուզում, որ դա լիներ հայկական արտադրության: Ստացվեց այն, ինչ պարզապես ստացվեց: Մենք աննորմալների խումբ էինք, փորձեցինք ու ի վերջո ֆիլմը գնաց դեպի հանդիսատես»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում Հայկական համայնապատկեր անվանակարգում ներկայացրած իր «Թափառում» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
Այս ռոք-օպերան ներկայացնում է պատմական անարդարության զոհ, սփյուռքում ապրող մարդու զավեշտական ողբերգությունը: Երբ Ջեյմսը վթարից հետո տեղափոխվում է հիվանդանոց, բժիշկները, տեսնելով նրա անհույս վիճակը, որոշում են ուղեղը պատվաստել մի այլազգի հիվանդի: Ջեյմսի կիսատ-պռատ հոգին չի ընդունվում երկնային արքայություն եւ վերադառնում, մասնակցում է սեփական հուղարկավորությունը: Այսպիսով, նա հայտնվում է երկնքի եւ երկրի խաչմերուկում, տրագիկոմիկական պատմության մեջ:
Նույն անվանակարգում ներկայացված է նաեւ ռեժիսոր Հայկ Կարապետյանի «Այնտեղի մարդիկ» ֆիլմը: Ֆիլմը 20-ամյա Յանի մասին է, ով իր ընկեր Քրեքերի հետ բարձիթողի արվարձանում ներգրավված են մի շարք հանցագործությունների մեջ: Հանդիպելով «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ գեղեցկուհի Սաբինային՝ Յանը փորձում է ամեն ինչ նորից սկսել քաղաքի կենտրոնում, սակայն արհամարհանքի է արժանանում: Սիրո, կարեկցանքի եւ նոր հնարավորության նրա հույսերը փշրվում են՝ բախվելով բուրժուական շատ ավելի անողոք օրենքներին, եւ նա հույսը կարող է միայն իր վրա դնել:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ