Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր նշանակվել էր Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդունիանի, Վիգեն Նովասարտիանսի եւ երեւանաբնակ Վարդան Մարտիրոսյանի քրեական գործով դատական հերթական նիստը:
Նախորդ դատական նիստում Վարդան Մարտիրոսյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանին տրվել էր ժամանակ պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Սակայն այսօր նրա պաշտպանը չէր ներկայացել դատարան, իսկ պաշտպանյալն էլ տեղյակ չէր իր պաշտպանի բացակայության մասին:
Մեղադրող Արամ Ամիրզադյանն ասաց, որ ճառ ասող չկա, հետեւաբար, դատական նիստը պետք է հետաձգվի: Չնայած դատական նիստը կարող էր հետաձգվել նաեւ այն պատճառով, որ 90 կիլոգրամ թմրանյութ Հայաստանով այլ երկրներ տեղափոխելու համար մեղադրվող Սարգեզ Նոյուկի Անդուանիանի պաշտպան Տիգրան Գրիգորյանն էլ բացակա էր:
Կարդացեք նաև
Ամբաստանյալ, օդանավակայանի աշխատակից Վարդան Մարտիրոսյանը ցանկացավ, որ իր պաշտպանությունը ստանձնի ճանաչված փաստաբան Գեղամ Հակոբյանը (լուսանկարում): Նա չհրաժարվեց Սերգեյ Մկրտչյանից:
Գեղամ Հակոբյանը դատարանին ներկայացրեց իր արտոնագիրը, ինչպես նաեւ միջնորդեց, որպեսզի քրեական գործի նյութերին ծանոթանալու, դատական նիստերի արձանագրությունների լազերային կրիչները ստանալու համար տրվի իրեն 10 օր ժամանակ:
Նա դատարանից խնդրեց նաեւ գրություն, իր պաշտպանյալի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցելու համար:
Մեղադրողը չառարկեց Գեղամ Հակոբյանին այս գործով ներգրավելուն, սակայն նկատեց, որ ամբաստանյալն ունի արդեն մի քանի պաշտպաններ.Սերգեյ Մկրտչյան, Արամ Ճուղուրյան, Տիգրան Սաֆարյան, Գեղամ Հակոբյան:
Օդանավակայանում փաստաթղթային ձեւակերպումները կատարած, սակայն որպես աջակցող մեղադրվող Վարդան Մարտիրոսյանի հայրը չդիմացավ, եւ դահլիճում նստած տեղից ասաց. «Դուք եք մեղավոր:Նա կարող է այնքան պաշտպան ունենալ, որպեսզի բացահայտվի այս անարդարությունը»:
Դատավորը հեռացրեց հորը նիստերի դահլիճից:
Մեղադրողն ասաց. «Կարող ես բերել ամբողջ հանրապետությունը»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 19-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ