Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին:
Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այսուհետ անակնկալ այցերով պարբերաբար կլինի բոլոր վարչական շրջաններում՝ տեղում հետևելու վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կազմակերպվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև անձամբ լսելու և ծանոթանալու բնակիչների բարձրացրած խնդիրներին:
Բնակիչների կողմից քաղաքապետին ներկայացված խնդիրները հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթ: Լսելով բարձրացվող հարցերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետևողական դրանց լուծման հարցում:
Քաղաքապետարանի ստորաբաժանումներում ու վարչական շրջաններում հաստատված ընդունելության օրերի սահմանմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից բոլոր պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրվել բնակիչների հետ անմիջական շփման միջոցով առավել տեղեկացված լինել բարձրացվող խնդիրներին ու հնարավորին արագ լուծում տալ դրանց:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն