«Հայաստանում առաջին անգամ դասական և ժամանակակից արվեստագետների աշխատանքների համադրությամբ ցուցահանդեսն արդեն թարմ և նոր կոնցեպտ է, քանի որ նման ձևաչափով էքսպոզիցիա առայսօր չի իրականացվել»,-այսօր այս մասին Ժամանակակից արվեստի թանգարանում «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» խորագիրը կրող ցուցահանդեսին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում ասաց, «HI-artonline» նախագծի հիմնադիր նախագահ Աննա Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով` իրենց նպատակն է հայ արվեստը ներկայացնել համաշխարհային արվեստի շուկայում, բայց ոչ թե կոնկրետ անհատ արվեստագետների, այլ՝ առհասարակ հայ գեղարվեստն` իբրև արվեստի ուղղություն: «Էքսպոզիցիայի կազմավորման փուլում մեր որոնումները ցույց տվեցին, որ հայ արվեստն ընդհանրապես ուսումնասիրված չէ, հետևաբար` որոշում կայացրեցինք՝ 19-րդ դարի վերջից մինչև 21-րդ դարի սկիզբ պետք է ներկայացված լինի էքսպոզիցիայում»,- հավելելով, որ ցանկությունը մեծ է, որպեսզի հայ արվեստը տարածվի, զարգանա և ճանաչում ունենա ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս. «Հրաշալի արվեստագետներ ունենք, ովքեր ճանաչում չունեն անգամ իրենց երկրի տարածքում, ապա ինչպես կարող է ճանաչվել դրսում»,-զարմանքով ասաց Գրիգորյանը:
Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշեց, որ թանգարանում առաջին անգամ է ներկայացվում հայ դասական, ինչպես նաև՝ ժամանակակից նկարիչ, քանդակագործների ստեղծագործություններ, որի համար շատ ուրախ է և հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի:
Ցուցահանդեսին կներկայացվեն շուրջ 70 հեղինակի աշխատանքներ:
Կարդացեք նաև
Ըստ Գրիգորյանի`ցուցահանդեսի բացումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակներում իրականացնելու, միավորվելու պատճառներից մեկն է` կայացնել երկու տարբեր արվեստների որակների միացում. «Նրանք հրաշալի գործ են անում և կարծում եմ, որ մեր միավորումը ամենամյա կդառնա»,-ասաց նա:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ