Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրիստիան Կոլտեր. «Այս ամենը կբերի նախապատերազմային իրավիճակի»

Հուլիս 11,2013 16:48

Բերմանի համալսարանի դասախոս, հակամարտություններ հետազոտող Քրիստիան Կոլտերը, որը ներկայումս բնակվում է Ստեփանակերտում, այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հրավիրած`«Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը`Լեռնային Ղարաբաղ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ ցավոք, ինքն այդքան էլ լավատես չէ, որ մոտ «ապագայում մենք կարող ենք ոչ խուսափելի բաներ ունենալ»: Խոսքը ղարաբաղաադրբեջանական շփման գոտում նոր պատերազմական գործողությունների մասին է: Սպառազինությունների մրցավազքը, ըստ կոնֆլիկտաբանի, Հայաստանի կողմից շատ ուժ է պահանջում, որպես կոնֆլիկտի կողմ: Այս համատեքստում նա վտանգավոր է համարում Ղարաբաղի օդանավակայանի բացման կրկին հետաձգումը ու բացման ժամկետների ոչ հստակությունը: «Ադրբեջանն ինտենսիվ քարոզարշավ է տանում Եվրոպայում: Իսկ աշնանը կայանալիք ընտրություններում Ալիեւը կպահպանի իր դիրքերը եւ կշարունակվի նրա ճնշումները»,- ասաց բանախոսը` մտավախություններ հայտնելով նաեւ այն առումով, որ հանկարծ Ադրբեջանում այլ ուժեր գան իշխանության. «Վստահ չեմ, որ Ղարաբաղի հարցում ավելի մեղմ դիրքորոշում կվարեն: Արտաքուստ ամեն ինչ խաղաղ է, բայց նոր պատերազմի մտավախությունը կա»:

Բանախոսն իր մտորումները բարձրաձայնեց նաեւ խնդրի կարգավորման համար գործող մադրիդյան սկզբունքների մասին: Ըստ նրա, փախստականների մասով միակողմանի մոտեցում կա այդ սկզբունքներում, իսկ Հայաստանը հստակ չի պատասխանում սրան: «Ադրբեջանական կողմը ցանկություն էլ չի հայտնում խոսել Հայաստանից փախստականների մասին, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանք էլ չի թափում այս հարցում հստակություն մտցնել, թեեւ նրանից դրա համար առանձնակի ջանք էլ չի պահանջվում»,- ասաց նա:

Հաջորդ թերի հատվածը, ըստ բանախոսի, ռեֆերենդումին է վերաբերվում, որը իբր պետք է որոշի ԼՂՀ-ի քաղաքական ճակատագիրը: Երրորդը`անվտանգության երաշխիքների բացակայությունն է. «Իրականում Մինսկի խմբի կողմից անվտանգության երաշխիքներ չկան»: Հիմնական խնդիրը նա համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կոնցեպտը:

Մադրիդյան սկզբունքներում նա չի տեսնում Հայաստանի համար ընդունելի լուծումներ, բայցեւ չի տեսնում Հայաստանի կողմից ընդդիմանալու լուրջ քայլեր: «Այս իրավիճակը կբերի նախապատերազմային իրավիճակի: Ես վախենում եմ, որ Հայաստանի վրա ավելի մեծ ճնշումներ կգործադրվեն եւ այլընտրանքներ չեն առաջարկվի: Այս իրավիճակը քաջալերում է Ադրբեջանին`իր մաքսիմալիստական մոտեցումներում: Հայաստանը պետք է վերաակտիվացնի իր քայլերը»,- եզրափակեց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031