«Մենք արմենոիդ ենք, հատուկ մարդաբանական տիպ ենք, մենք չպիտի կորենք, պիտի լինենք հավերժ, դա տիեզերական խնդիր է»,- այս ձեւով մարդկանց ազգային-բարոյական-հոգեւոր-սնոտիապաշտական եւ այլ զգացումներին կոչ անելով՝ այսօր «Ուրբաթ» ակումբում, Ազգաբնակչության օրվա առթիվ հրավիրված ասուլիսի ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համոզում էր շատ երեխա ունենալ: Նա ասում էր, որ այսօր մենք պետք է լինեինք արդեն 6 մլն ազգաբնակչությամբ երկիր, բայց երեք էլ չկանք:
Մյուս բանախոսը՝ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն ասաց, որ 1980-ականներին իրենք կանխատեսումներ էին արել, ըստ որոնց, մինչեւ դարավերջ Հայաստանում կլինի 4,5 մլն բնակիչ: Ադիբեկյանը ընդվզեց՝ բա կես միլիոն փախստականներին էլ հաշվեք… Եգանյանը զարմացավ՝ ո՞ւր է կես միլիոն փախստական, Ադիբեկյանը, չգիտես ինչու, Եգանյանին դիմելով բարկացավ՝ է, ունեիք, բա պահեիք, Եգանյանն էլ, թե՝ հա, պահեինք, ո՞վ պահեր…
Պարոն Եգանյանը նկատեց, որ Հայաստանից միայն փախստականները չէ, որ հեռացել են, ընդհանուր առմամբ, վերջին տաս տարիներին Հայաստանից անվերադարձ հեռացել է 320 հազար մարդ. «Դա 2011թ. մարդահամարի մեր բնակչության 10%-ն է կազմում: Դա նշանակում է, որ տարեկան մենք միջին հաշվով 1%-ով աճ ենք կորցնում: Բնականաբար, սա չի կարող չունենալ տնտեսական հետեւանքներ, պետք է ապրանք ներմուծելիս տարեկան 1%-ով քիչ ներմուծես, որովհետեւ ամեն տարի այդքան սպառող ես կորցնում: Մենք ունենք 40 քաղաքային բնակավայր, որոնցից երեքը ունեն մեծ բնակչություն, իսկ մնացածը մոտավորապես 30 հազար, եթե ոչ պակաս: Հիմա, փաստորեն, մենք կորցրել ենք տասը միջին քաղաքային բնակավայրի չափ բնակչություն, կամ եթե հաշվենք գյուղերով, այսօր Հայաստանում ունենք 948 գյուղ, որտեղ միջինը 1000 մարդ է ապրում, դա նշանակում է, որ մենք կորցրել ենք 320 գյուղական բնակավայրի բնակչություն: Սրանք ցնցող թվեր են, եւ ամենավատն այն է, որ այս իրավիճակի փոփոխության միտում չի երեւում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ