Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում 1000 դեռահասների 2,8%-ը ծննդաբերում է

Հուլիս 11,2013 16:41

Հայաստանում ծնունդները դեռահասների շրջանում`1000 կնոջ հաշվով` 15-19 տարեկաններից 2,8%-ը ծննդաբերում է: Սա, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի, չի կարելի ասել խիստ վտանգավոր ցուցանիշ է, բայց մտածելու տեղիք տալիս է:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հայրապետյանն ասաց, որ փաստորեն տարեկան մինչեւ 1000 ծնունդ բաժին է ընկնում դեռահասներին: Իսկ երբ դեռահաս աղջիկն այդ տարիքում հղիանում եւ ծննդաբերում է, նախ` առողջության հետ կապված խնդիրներ կարող են ծագել, քանի որ 15-17 կամ 18 տարեկան աղջկա օրգանիզմն ամբողջությամբ պատրաստ չէ վերարտադրողական գործառույթին: Բացի այս, ինչպես ներկայացրեց Գարիկ Հայրապետյանը, դեռահաս տարիքում ծննդաբերելու դեպքում 2-րդ կամ 3-րդ անգամ հղիանալու հավանականությունը նվազում է, քան՝ ճիշտ տարիքում եւ ճիշտ ժամանակին ծննդաբերելու դեպքում:

Պարոն Հայրապետյանի ներկայացմամբ` դեռահաս տարիքում ծննդաբերելու մյուս խնդիրն էլ պակաս կարեւոր չէ, երբ 15-16 տարեկան, կամ նույնիսկ 19 տարեկան կանայք են ծննդաբերում, նրանք հիմնականում զրկվում են հետագայում պատշաճ եւ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից եւ հետագայում մշտապես կախված են լինում այլ անձանցից: Այսինքն` այդ կանայք, այսպես ասած` չեն ստեղծում տնտեսական արժեքներ հասարակության համար:

Ընդ որում, դեռահասների հղիության ցուցանիշը մարզերում ավելի բարձր է, քան՝ մայրաքաղաքում: Գարիկ Հայրապետյանի փոխանցմամբ` Երեւանում 2%-է դեռահասների հղիությունը, իսկ մարզերում՝ մոտ 2 անգամ բարձր. «Արժե անհանգստանալ. սա ազդում է Հայաստանի մայրական պոտենցիալի վրա՝ հաշվի առնելով հետեւանքները»:

Aravot.am-ի հարցին էլ, թե նշված խնդրի լուծման ուղղությամբ ի՞նչ պետք է արվի, պարոն Հայրապետյանն ասաց, որ առաջին հերթին սեռական դաստիարակություն ու կրթություն է անհրաժեշտ մատուցել, եւ այսօր, իհարկե, դպրոցում կա առողջ ապրելակերպի դասընթաց, բայց պետք է շարունակել եւ ձգտել որակյալ եւ ճիշտ գիտելիքներ տալ:

Նշենք, որ այսօր բնակչության համաշխարհային օրն է. աշխարհում ապրում են ավելի քան 600 միլիոն աղջիկներ, եւ ամեն տարի 15-19 տարեկան մոտ 16 միլիոն աղջիկներ են ծնունդ տալիս: Եվ եթե Հայաստանում 1000 կնոջ հաշվով դեռահաս կանանց շրջանում ծննդաբերությունը 2,8%-է, ապա Ադրբեջանում` 4,7%, Ռուսաստանում` 2,9%, Վրաստանում` 0,4%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031