«Բոլոր պատերազմների ժամանակ էլ պատմական հուշակոթողներ ավերվել են, և այդ ավերումները, որոնք շարունակվում են մինչև մեր օրերը, մեծ հետք են թողնում մեր պատմամշակութային արժեքների, ժառանգության պահպանման վրա»,-այսօր այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը։
Նրա խոսքով՝ մշակութային ժառանգությունը պահպանելու համար 1954-ին ընդունվեց Հաագայի կոնվենցիան, որին Հայաստանը միացավ 1993-ին, այն ստորագրել է մոտ 126 երկիր։ «Կոնվենցիային անդամ է նաև Թուրքիան, իսկ Ադրբեջանը 2003 թվականին դուրս եկավ կազմից: Չնայած, որ Թուրքիան ևս անդամ երկիր է, այնուամենայնիվ, մինչև այսօր շարունակում է խախտել և ոչնչացնել հայկական խաչքարերը»,-ասաց Գյուրջյանը:
ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահն ասաց, որ Հայաստանը ղարաբաղյան պատերազմի տարիներին պահպանել է կոնվենցիան և որևէ մզկիթ չի ավերել, մինչդեռ Ադրբեջանն ավերել է բազմաթիվ հայկական եկեղեցիներ՝ դրանք վերածելով մզկիթների։ «Նախիջևանի տարածքում այսօր հայկական հուշարձանների որևէ հետք չկա»,- ընդգծեց նա, հավելելով, որ ԻԿՕՄՕՍ-ը շահագրգիռ է պահպանելու ցանկացած մշակութային կոթող, որտեղ նշանակություն չունի` քրիստոնեական է, թե մահմեդական: «Նույն կոնվենցիան ադրբեջանցիների գործողությունները` Ջուղայի խաչքարերի վերաբերյալ, գնահատել է որպես վանդալիզմ»:
Բանախոսն անդրադառնալով մեր երկրում առկա մի շարք մշակութային կոթողների անմխիթար վիճակին՝ ասաց. «Երբ մենք ինքներս մեր ժառանգությունը չենք կարողանում լիարժեք պահպանել, այդ դեպքում մենք զրկվում ենք պահանջ ներկայացնելու բարոյական իրավունքից»:
Կարդացեք նաև
Ըստ նրա` Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Նա ընդգծեց, որ Հայաստանն ունի հուշարձանների պահպանության վերաբերյալ լավ օրենսդրություն, բայց այն կյանքի կոչելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել ինքնուրույն մարմին՝ համալրված մասնագետներով։ «Մեր հուշարձանների մասին օրենքը լավագույն օրենքներից մեկն է: Մենք ապահովված ենք այդ դաշտում, պարզապես այն մարմինը, որը պետք է ունենա համապատասխան լծակներ, այդ մարմինը չկա: Ես կարծում եմ, որ հուշարձանների պահպանման ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, այն պետք է լինի ինքնուրույն մարմին, լրացված պրոֆեսիոնալ մարդկանցով»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ